ՍԴ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
2024թ. հունիսի 25-ից 29-ը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Այցն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի հրավերով։
Երվանդ Խունդկարյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն և սահմանադրական վերահսկողություն» միջազգային համաժողովին։ 24 երկների բարձր դատարանների և միջազգային մասնագիտական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում ընդգրկվել է երկու նիստ՝ «Սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով սահմանադրական վերահսկողության հարուցումը/նախաձեռնումը» և «Իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ որպես սահմանադրական վերահսկողության արդյունք» խորագրերով։
Այցի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը մասնակցել է Սահմանադրական վերահսկման մարմինների Եվրասիական ասոցիացիայի աշխատանքին, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են սահմանադրական բողոքի ընդունելիության չափանիշներին, ԶԼՄ-ների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Սանկտ Պետերբուրգի XII միջազգային իրավական համաժողովի (ՍՊՄԻՀ) շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության իրավունք և մարտահրավերներ» թեմայով սեմինարին։ ՍՊՄԻՀ-2024-ի աշխատանքային ծրագիրը կազմվել է ինը թեմատիկ բլոկից, որոնք ձևավորվել են 700 բանախոսների մասնակցությամբ ավելի քան 120 պանելային նիստերից։
«Իրավունքը՝ գլոբալ հավասարակշռության հիմք» կարգախոսով համաժողովը մեկտեղել է իրավաբանական, դատական, քաղաքական շրջանակների, միջազգային մասնագիտական կազմակերպությունների, կրթական, ակադեմիական հաստատությունների և ԶԼՄ-ների ավելի քան 5000 ներկայացուցիչների՝ շուրջ 80 երկրներից։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: