Top.Mail.Ru
19 հոկտեմբերի 2017թ.

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՅԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 19-ին, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» թեմայի քննարկումով, իր աշխատանքները սկսեց Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ, «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ), ՆՈՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, Աջակցությամբ` ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ:
Խորհրդաժողովը բացեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա ողջունեց ու բարի գալուստ մաղթեց խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր սիրահոժար արձագանքել են հրավերին՝ իրենց մասնակցությունը բերելով արդեն ավանդույթ դարձած Երեւանյան 22-րդ խորհրդաժողովին, որը նվիրված է սահմանադրական արդարադատության առանցքային հարցերից մեկի քննարկումներին: Անցած տարիներին տարբեր երկրներից Երեւանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների թիվը վաղուց հազարից անցել է: Ձեւավորվել է գործընկերների եւ համախոհների հսկայական բանակ: Անցած տարիների փորձը վկայում է, որ նման քննարկումներն ու նաեւ սահմանադրական դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները բազմաթիվ երկրներում դարձել են սահմանադրական զարգացումների կարևորագույն աղբյուր: Այդ մասին են վկայում նաեւ մեր երկրում 2015 թվականին կայացած սահմանադրական բարեփոխումները, որոնցում մեծապես իրենց արտացոլումն են գտել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:
Պարոն Հարությունյանի համոզմամբ, Սահմանադրության գերակայության երաշխավորումը լիարժեք չի կարող լինել, եթե չի երաշխավորվում մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, եւ չկան սահմանադրական վեճերի լուծման արդյունավետ կառուցակարգեր: Նա առանձնակի կարեւորեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի փորձը, որն էլ նկատի ունենալով, որպես ներկա խորհրդաժողովի հիմնական զեկուցող, Գերմանիայի Դաշնությունից հրավիրվել է պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը, ով սիրով համաձայնվել է ներկա լինել եւ իր նկատառումները կիսել այս խորհրդաժողովում քննարկման առարկա հիմնախնդրի առնչությամբ:
Երեւանյան խորհրդաժողովները, պարոն Հարությունյանի համոզմամբ, իրենց հետքն են թողել սահմանադրական արդարադատության բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, օրենսդրական ու կառուցակարգային բարեփոխումների, մեր երկրում սահմանադրական օրինականության հաստատման գործում, եւ ներկա խորհրդաժողովում հնչող զեկուցումներն ու քննարկումները կամբողջականացնեն հիմնախնդրի առնչությամբ առաջադիմական մոտեցումները եւ հնարավորություն կտան լավագույնս գտնել նաեւ սահմանադրական դատարաններում նման գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնող դատավարական լուծումներ: Շեշտվեց նաեւ այս տարվանից «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական Կենտրոնի ստեղծումը, որի հիմնադիր անդամներ են աշխարհի 19 երկրներից մեծ ճանաչում գտած թվով 45 սահմանադրագետներ՝ համոզմունք հայտնելով, որ Կենտրոնը կդառնա աշխարհում սահմանադրական ժողովրդավարության հաստատման ու սահմանադրական մշակույթի ամրապնդման կարեւոր դրոշակակիրներից մեկը: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ Կենտրոնը միջազգային լայն ընդգրկում ունեցող իր առաջին խորհրդաժողովը կհրավիրի այս տարվա նոյեմբերի 17-18-ին Հռոմում, Սուրբ աթոռի հետ համագործակցաբար:
Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի Հանձնաժողովին՝ երկարամյա համագործակցության համար, մասնավորապես շեշտելով, որ «Դեռեւս 1997 թվականից լինելով այս հանձնաժողովի անդամ, իսկ հետագայում նաեւ հանձնաժողովի բյուրոյի անդամ, առանց վարանելու կարող եմ ասել, որ միջազգային պրակտիկայում բացառիկ է Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը հատկապես իրավունքի գերակայության հաստատման, ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ու, մասնավորապես, սահմանադրական դատարանների կայացմանը ցուցաբերած աջակցության գործում: Ողջունում եմ իմ վաղեմի գործընկերոջն ու բարեկամին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ տիկին Հերդիս Թորգեիրսդրոտին եւ հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացնող Տատյանա Միշելովային՝ այս խորհրդաժողովին մասնակցություն բերելու համար»:
Շարունակելով իր ողջույնի խոսքը, պարոն Հարությունյանն ասաց.
-Ձեզանից շատերը նաեւ հիշում են, որ Սահմանադրական դատարանների առաջին համաշխարհային Կոնգրեսը կայացավ 2009 թվականին Քեպթաունում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Եվ այսօր շատ խորհրդանշական է, որ սահմանադրական դատարանների Երեւանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցում է նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իմ լավ բարեկամ պարոն Մոգոնգ Մոգոնգը:
Մեզ հետ են նաեւ սահմանադրական արդարադատության մարմինների պատվիրակություններ Ալժիրից, Բուլղարիայից, Բելոռուսից, Եթովպիայից, Լատվիայից, Խորվաթիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մակեդոնիայից, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից:
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր հյուրերին ու մաղթում բարի գալուստ Հայաստան:
Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհավորել Ղազախստանի սահմանադրական խորհրդի նախագահ, իմ լավ բարեկամ Իգոր Ռոգովին՝ մեկ ամիս առաջ Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի Սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ պարոն Գունարս Կուտրիսին, Վրաստանի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ պարոն Գեորգի Պապուաշվիլուն, Չեռնոգորիայի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ տիկին Դոսանկա Լոպիչիչին՝ իմ հրավերը չմերժելու եւ այս խորհրդաժողովին ներկա գտնվելու համար:
Ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի պատվիրակության ղեկավար տիկին Վուտովային՝ մեր խորհրդաժողովում ողջույնի խոսքով հանդես գալու պատրաստակամության համար:
Երախտապարտ եմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությանը եւ գերմանական GIZ կազմակերպության երեւանյան գրասենյակին՝ մշտապես մեր կողքին լինելու եւ Երեւանյան միջազգային կոնֆերանսների կազմակերպմանն աջակցելու համար:
Խորհրդաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քյորուլֆ Թորգեիրսդոտիրը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քեսլերը, Հայաստանում ԵԽ պատվիրակության ղեկավար Նատալյա Վուտովան:
Առաջին նիստում (նախագահում էր Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեն) զեկուցումներով հանդես եկան Սաքսոնիայի սահմանադրական դատարանի դատավոր, պրոֆեսոր Քրիստոֆ Դեգենհարթը՝ «Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերով գործերի քննության առանձնահատկությունները» եւ Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր Տոմիսլավ Ստոյկովիչը՝ «Ընդհանուր դատարանների հետ վեճերում սահմանադրական դատարանի դերը. Սերբիայի Հանրապետության սահմանադրական դատարանի փորձը»:
Հարց ու պատասխաններով քննարկվեցին զեկուցումներում արծարծված թեմաները:
Ընդմիջումից հետո իրենց զեկույցները ներկայացրեցին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը՝ «Ղազախստանի Հանրապետության ահմանադրական խորհուրդը իշխանությունների բաժանման համակարգում», Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի փոխնախագահ Սերգեյ Մավրինը` «Ռուսաստանի սահմանադրական դատարանի դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում», ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը` «Սահմանադրական վեճերը և սահմանադրական դատարանի դերը համեմատական տեսանկյունից»:
Առաջին նիստն ավարտվեց հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով:
Երկրորդ նիստում (նախագահում էր Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Քորուլֆ Թորգեիրսդոտիրը), զեկուցումներով հանդես եկան Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Ինետա Զիմելեն՝ «Սահմանադրական ինքնության հիմքերի պաշտպանությունը սահմանադրական դատարանի կողմից», Ղրղզստանի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավոր Չոլպոն Օսմոնովան՝ «Սահմանադրական դատարանի դերը սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» եւ Բելոռուսի սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միկլաշևիչը` «Պետական իշխանության սահմանադրաիրավական կարգավորումները»:
Հարց ու պատասխաններով, թեմաների քննարկումներով ավարտվեց այսօրվա աշժատանքը:
Հոկտեմբերի 20-ին խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքները:

Նորություններ