ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
2026 թվականի մայիսի 29-30-ը Սահմանադրական դատարանում կայացավ «Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթի» բանավոր լսումների փուլը՝ ամփոփելով ծրագրի կրթական և մրցութային բաղադրիչները։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով դատախաղ-մրցույթի բանավոր փուլի մասնակիցներին, նշեց որ դատախաղ-մրցույթը ապագա իրավաբանների համար հնարավորություն է ընձեռում գործնական միջավայրում կիրառելու իրենց գիտելիքները, զարգացնելու սահմանադրական դատավարության, իրավական վերլուծության և բանավոր ներկայացման հմտությունները, ինչպես նաև խորացնելու պատկերացումները խոսքի ազատության և սահմանադրական արդարադատության հիմնարար արժեքների վերաբերյալ։
Արման Դիլանյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը բարձր է գնահատում մրցույթի մասնակիցների, դատավորների, փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներդրումը ծրագրի հաջող իրականացման գործում և վերահաստատում է իր հանձնառությունը իրավական կրթության և սահմանադրական մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական աջակցությանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:
Մրցույթին մասնակցեցին ութ թիմեր՝ Հանրապետության վեց բուհերից. Երևանի պետական համալսարանից, Պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Եվրոպական համալսարանից: Բանավոր լսումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին պայմանական գործով իրենց իրավական դիրքորոշումները՝ հանդես գալով որպես դիմող և պատասխանող կողմեր, պատասխանեցին դատախաղի դատավորների հարցերին՝ ի ցույց դնելով սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ իրենց գիտելիքները, իրավական փաստարկման և բանավոր խոսքի իրենց հմտությունները։
Դատախաղի առաջին օրը՝ մայիսի 29-ին, նախնական լսումների արդյունքում եզրափակիչ փուլ անցած թիմերը մայիսի 30-ին մասնակցեցին մրցույթի եզրափակիչ դատալսմանը։
Դատախաղի դատական կազմի կողմից մասնակիցների գիտելիքների, մասնագիտական պատրաստվածության և դատախաղային հմտությունների գնահատման արդյունքներով մրցանակներ հանձնվեցին հինգ անվանակարգերում: Առաջին և երկրորդ մրցանակները շնորհվեցին համապատասխանաբար՝ Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերին: «Լավագույն բանախոս» անվանակարգում մրցանակը կիսեցին Ինգա Բեգլարյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան) և Լուսինե Վարդանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), «Լավագույն գրավոր դիմում» անվանակարգում մրցանակ ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը, «Լավագույն գրավոր պատասխանի» համար՝ Հայ-ռուսական համալսարանի «Արատտա» թիմը:
Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր՝ որպես ծրագրին ներգրավվածության և ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հավաստում։
Դատախաղը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրական դատարանի, Հայաստանի միջազգային իրավունքի միության և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության (DGI) կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026թթ․ Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: