Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԹԻՎ

14 մարտի 2022թ.
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:
Ուղերձում նշված է.

             «Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

    Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական գործառույթն իրականացնելիս Հանրապետության նախագահի հիմնական և արդյունավետ գործիքներից է սահմանադրական վեճերի լուծման համար Սահմանադրական դատարանին դիմելը։ Հանրապետության նախագահի այս գործառույթի իրականացման ընթացքում Ձեր՝ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը և Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության գերակայությունն ապահովելու առաքելությունն ունեն միասնական ուղենիշ, այն է՝ Սահմանադրության նախաբանով և անփոփոխ հոդվածներով ամրագրված սկզբունքների և արժեքների պաշտպանությունն ու պահպանությունը, սահմանադրի նպատակների իրագործումը։ 

   Հավատացած եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում և սահմանադրական լիազորությունների շրջանակներում Ձեր ողջ եռանդը, գիտելիքները, հարուստ կենսափորձն ու հեղինակությունը կծառայեցնեք վերը նշված համապետական և համազգային նպատակներին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ու միասնականության ապահովման:

    Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնով սահմանված առաքելության մեջ:»