Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԼՈՐԱՆ ՖԱԲԻՈՒՍԻՆ

14 հուլիսի 2022թ.
2022 թվականի հուլիսի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական Ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսին՝ Ազգային տոնի առթիվ:
Ուղերձում նշված է.

Մեծարգո՛ պարոն նախագահ, թանկագի՛ն Լորան,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հուլիսի 14-ը հավաքական իմաստով մարմնավորում է Ֆրանսիայի ժողովրդի անբեկանելի ձգտումը և դարավոր պայքարը հանուն իրավահավասարության ու ժողովրդավարական արժեքների, հանուն ազատության ու եղբայրության: 
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունները, մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունը և մեր պետությունների ամուր հանձնառությունը՝ ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը, ամուր հիմքեր են մեր ինստիտուտների միջև համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Լիահույս եմ, որ հենց այս առանցքի շուրջ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել հայ-ֆրանսիական միջդատարանական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության շրջանակներում։ 
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում:
Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը:

Հարգանքով՝ 
ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ