Top.Mail.Ru
6 մայիսի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

2025 թվականի ապրիլի 28-30-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը ճանաչողական այց է իրականացրել   Ստրասբուրգ։ Այցի ընթացքում ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչները 12 հագեցած աշխատանքային հանդիպումներ են ունեցել Եվրոպայի խորհրդում (ԵԽ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։ 

ՀՀ ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի,  Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) քարտուղարության,  ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության,  ՄԻԵԴ-ի մամուլի բաժնի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այնպիսի հարցերի ինչպիսիք են Սահմանադրական դատարանների դերը զսպումների և հակակշիռների համակարգում, Վենետիկի հանձնաժողովի աշխատանքի ընդհանուր մեթոդները, Հանձնակատարի մանդատը, գործառույթները և առաջնահերթությունները,  Սահմանադրական դատարանների հետ Հանձնակատարի գրասենյակի համագործակցության մեխանիզմները, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) նպատակները և աշխատանքի ընդհանուր մեթոդները, համագործակցությունը ազգային դատական մարմինների հետ, ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացակարգը, վերահսկման մեխանիզմները, համագործակցության զարգացման հնարավոր ուղիները։ ՀՀ ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր Միկոլա Գնատովսկին։ 

ԵԽ և ՄԻԵԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մեկնաբանման գործում Սահմանադրական դատարանների դերին, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների փոխազդեցությանը, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին, ինչպես նաև  ԶԼՄ-ների հետ դատարանների համագործակցությանը վերաբերող հարցեր։ 

Այցը կազմակերպվել է «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում՝  ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ։