Top.Mail.Ru
28 ապրիլի 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՆԻԴԻՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ՝ ԹԱԳԱՎՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

«Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Նիդերլանդների Թագավորության գործընկերներին, դեսպանության ողջ աշխատակազմին և բարեկամ նիդերլանդացի ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առթիվ։

 

Նիդերլանդները պատմականորեն եղել են այն բնօրրանը, որտեղ իրենց զարգացումն են ապրել ժամանակակից միջազգային իրավակարգի առանցքային հայեցակարգերը, ինքնիշխան պետականության ու իրավունքի գերակայության փիլիսոփայությունը, միջազգային մարդասիրական իրավունքի ուղենիշային սկզբունքները, իսկ Հուգո Հրոցիուսի և այլոց անունները հանրաճանաչ են իրավաբանական շրջանակներից դուրս։

 

Ներկայումս Նիդերլանդներում շուրջ 40 հազար հայ է բնակվում, որոնք իրենց ակտիվ հասարակական, քաղաքական, մշակութային գործունեությամբ կրում են իրավական պետության բարձր արժեքները։ Ուրախալի է, որ հայ-նիդերլանդական ավելի քան 30-ամյա դիվանագիտական հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին մեր պետությունում Նիդերլանդների դեսպանության բացմամբ, ինչը հնարավորություն է ստեղծում առավել արդյունավետ փոխգործակցություն ապահովվել ոչ միայն դատաիրավական ոլորտում, այլ նաև կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային և մյուս բնագավառներում։

 

Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված միջպետական ամուր հարաբերությունները և բազմաոլորտ համագործակցությունը լավագույնս արտացոլում են մեր բարեկամ ժողովուրդների միջև փոխառնչությունների պատմական խորը արմատները։ Դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, հաջողվել է նշանակալի առաջընթաց արձանագրել նաև դատաիրավական համագործակցության ոլորտում։ Հաճախակի են դարձել հայ-նիդերլանդական համատեղ իրավական նախաձեռնություններն ու ծրագրերը։ Դրա վառ, սակայն ոչ եզակի օրինակը Սահմանադրական դատարանի նախաձեռնած ինստիտուցիոնալ բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանն ու դրա կյանքի կոչմանն ուղղված դեսպանատան ու անձամբ պարոն դեսպանի գործուն և անկեղծ աջակցությունն է:

 

Հարգելի՛ ներկաներ,

 

Հատկանշական է, որ Հայաստանն ու Նիդերլանդները համագործակցում են միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Սա վկայում է երկու երկրների կողմից համամարդկային արժեքների նկատմամբ նույնանման ընկալման մասին, ինչը ևս կարևոր երաշխիք է հայ-նիդերլանդական բարեկամության ամրապնդման համար։

 

Նիդերլանդների ազգային տոնը՝ Թագավորի օրը իր մեջ կրում է ազգային միասնության և համերաշխության խորհուրդը։ Հենց նման գաղափարական հենքի վրա է կայանում ու ամրապնդվում ժողովրդավարական արժեքներով պետությունը։ Դուք՝ ազգային արժեքները պահպանելով՝ քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակություն կերտելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և առաջ գնալու լավագույն օրինակն եք։

 

Ավարտելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Թագավորի օրվա առթիվ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն ու բարգավաճում:

 

Շնորհակալություն։ 

Նորություններ