Top.Mail.Ru
31 հոկտեմբերի 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-29-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի հարգարժա՛ն գլխավոր հանձնակատար,
Հարգարժա՛ն պետական այրեր,
Համագումարի հարգելի՛ մասնակիցներ ու ներկաներ,

 

Նախևառաջ ցանկանում եմ ողջունել բոլորիդ այս կարևորագույն միջոցառման գումարման կապակցությամբ:

Վերջին տարիների ընթացքում թերևս առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հայրական տանիքի ներքո համախմբել է աշխարհասփյուռ հայ լավագույն իրավաբաններին՝ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ իրավական լուծումներ գեներացնելու, դրանց վերաբերյալ մեր պատկերացումներով և կուտակած սեփական փորձով կիսվելու համար: Այսպիսի տրամաբանությամբ և ոգևորությամբ կազմակերպված հարթակները պետք է ինստիտուցիոնալիզացվեն և ավանդական դառնան, քանի որ, հիրավի, դրա անհրաժեշտությունն ակնառու է, իսկ համատեղ տեսլական ձևավորելը հրամայական է: Այսօրինակ միջոցառումները և մասնագիտական քննարկումները, ի վերջո, պետք է դուրս գան «խորհրդաժողովային» տրամաբանությունից և վերածվեն կոնկրետ ոլորտներում կոնկրետ նպատակներ, թիրախներ և արդյունքներ հետապնդող աշխատանքային կայուն հարթակների:

Այս առիթով, ի դեմս Զարեհ Սինանյանի, թույլ տվեք երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմին՝ Հայ իրավաբանների համագումարը բարձր մակարդակով կազմակերպելու և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր հայրենակից իրավագետների միջև կապերն ամրապնդելու համար:

Համագումարի հարգելի՛ մասնակիցներ,

Աներկբա է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և մեր ժողովուրդն անցնում են պետականաշինության և պատմական զարգացման բարդ շրջափուլերից մեկով: Այս առումով յուրաքանչյուր պաշտոնատար անձ՝ առավել ևս դատաիրավական ոլորտի պատասխանատու, իր ամենօրյա գործառույթներն իրականացնելիս մշտապես հայացք է նետում համահայկական և համազգային կարևորություն ունեցող մարտահրավերներին: Այլ կերպ ասած՝ պետական համակարգի զարգացման, պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահության բարձրացման, դատաիրավական համակարգի ընթացող բարեփոխման, իրավունքի գերակայության և սահմանադրականության ապահովմանն ուղղված մեր ամենօրյա աշխատանքին գումարվել են նաև հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակություն ունեցող մարտահրավերներ, որոնք արագ փոփոխվող աշխարհի պայմաններում գնալով էլ ավելի են ուժգնանում և սրվում:

Նմանօրինակ ողբերգական դեպքեր տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի վրա: Ցավալի է, բայց 20-րդ դարում ցեղասպանություն ապրած մեր ժողովուրդն այսօր կրկին, այս անգամ արդեն Արցախում ենթարկվեց էթնիկ զտումների՝ զրկվելով իր հայրենիքի մի մասից, բազմադարյան պատմամշակութային հայկական կոթողներից, որոնց գոյությունն այժմ մեծագույն վտանգի տակ է: Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունները և ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքը՝ գոյաբանական սպառնալիք հանդիսանալով հայերի համար:

Արդեն առիթ ունեցել եմ մեր միջազգային գործընկերներին ասելու, որ այսօր հենց ժողովրդավարությունն է դարձել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության այցեքարտը և, որքան էլ պարադոքսալ թվա՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ինքնին հայկական պետականությունը հանգիստ չի տալիս մեր հակառակորդներին, այլ հենց հայկական ժողովրդավարությունը, ու հենց հայկական ժողովրդավարությունն է վերջինների իրական թիրախը: Այս առումով ցանկանում եմ արձանագրել, որ արժեբանական իմաստով ադրբեջանական իշխանությունների վերջին գործողություններն ուղիղ հարվածի տակ են դնում ոչ միայն Հայաստանը: Այդ գործողությունները հարված են «ազատ աշխարհին», ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների այն համակարգին, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից հռչակվել է որպես միջազգային իրավակարգի առանցք։

Հատկապես այս բարդ ժամանակներում մենք ուղղակի պարտավոր ենք և ունակ ենք մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին հակադրվելու, այդ թվում նաև՝ մարդու հիմնարար իրավունքների անքակտելիության ու անխախտելիության, ժողովրդավարական ամուր ինստիտուտների հենքի վրա խարսխված առողջ հասարակությամբ ուժեղ պետության շնորհիվ:

Չպետք է մոռանալ նաև, որ մեր երկրին բնորոշ խնդիրներով հանդերձ մենք ամբողջ աշխարհի անբաժան մասն ենք, ինչը պարտադրում է ուշադրություն դարձնել, մասնավորապես, երկու հանգամանքի վրա.

1. Մեր խնդիրների լուծումները պետք է մշակվեն ամբողջի տրամաբանության ու զարգացումների համատեքստում:

2. Մենք ևս կանգնած ենք այն նույն մարտահրավերների առջև, ինչ ողջ մարդկությունը. աշխարհի տարբեր հատվածներում և անմիջապես մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական կոնֆլիկտներ, աշխարհաքաղաքական նոր մոդելների ձևավորում, բնակլիմայական լրջագույն փոփոխություններ ու, դրանցով պայմանավորված՝ տնտեսական և իրավական առաջնահերթությունների փոխակերպումներ և այլն:

Խորապես վստահ եմ, որ բոլորիս ու, մասնավորապես՝ այս սրահում հավաքվածներիս, ջանքերի մեկտեղման արդյունքում մեր իմաստուն ժողովուրդը հերթական դժվարությունների շրջափուլը ևս պատվով է հաղթահարելու: Մեր երկրի առջև ծառացած իրավական խնդիրները լուծելու և անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունն ունի յուրաքանչյուրիս կարիքը՝ ֆիզիկոսի, քիմիկոսի, բնագետի, դիվանագետի, իրավաբանի և այլոց: Հայրենիքին անհրաժեշտ են յուրաքանչյուրիս ծառայությունները և անվերապահ հանձնառությունն առ ինքնիշխանության և անկախության արժեքների պաշտպանությունը: Ընդ որում, անկախ մեր գտնվելու վայրից՝ որքան հաջողակ ենք, այնքան մեծ պետք է լինի մեր պատասխանատվության զգացումը հայրենիքի նկատմամբ: Մենք կարող ենք ապրել տարբեր երկրներում, բայց մեր՝ բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մեզնից ոչ ոք երկրորդ հայրենիք չունի, և սա գոյաբանական նշանակության խնդիր է:
Այս համատեքստում համազգային խնդիրների հաղթահարմանն է ուղղված նաև այսօրվա համագումարը: Համոզված եմ, որ իրավաբանական հանրության ճիշտ, համակարգված, թիրախային, գրագետ և թիմային աշխատանքը մեծ ներուժ ունի մեր օրակարգային խնդիրները լուծելու և հայկական պետության իրավական «թիկունքը» ամուր պահելու համար: Սփյուռքի մեր իրավաբան հայրենակիցների դերն ու նշանակությունն անգնահատելի է ոչ միայն հայկական սփյուռքում իրավական գործընթանցների առաջմղման գործում, այլ նաև առկա է մեծ ներուժ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական փոփոխությունների, դատաիրավական համակարգի բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ընթացքում միջազգային առաջավոր փորձի ներդրման կամ արդեն ավանդական դարձած ուղղություններով իրավական սպասարկման իմաստով:

Այսօր մեր հայրենակից իրավաբանները բազմաթիվ անելիքներ ունեն շուրջ ինն ամիս կատարյալ շրջափակումից հետո կրկին ռազմական ագրեսիայի ենթարկված Արցախի հայրենակիցների շահերը ներկայացնելու և պաշտպանելու տեսակետից:

Մեկ այլ կարևոր աշխատանք, որը պահանջում է հայկական իրավական ներուժի համախմբում ու կիրառում՝ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ագրեսիայի արդյունքում կատարված ռազմական հանցագործությունների և ոճրագործությունների հավաքագրման, խմբավորման և միջազգային ատյաններում իրավական պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Անհրաժեշտ է նաև համատեղ ջանքեր ներդնել և միջազգային գործընկերների գործուն ճնշումների ներքո առաջնահերթ ապահովել դեռևս 2020 թվականից և դրանից հետո ադրբեջանական բանտերում հայտնված հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող քաղաքացիական անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն:
Հայ իրավաբան տեսաբանների ու պրակտիկների համար այսօր գործունեության հսկայական հեռանկար է բացվել՝ Հռոմի քրեական դատարանի կանոնադրության վավերացմամբ։ Սահմանադրական դատարանի որոշումից և օրենսդիր մարմնի կողմից այն վավերացվելուց հետո այլևս վերացել են ֆորմալ խոչընդոտները, որոնք արգելակում էին միջազգային իրավական այս ինստիտուցիոնալ մարմնի իրավական գործիքներն ի շահ մեր ժողովրդի և պետականության օգտագործելու հնարավորությունները: Այս ուղղությամբ ևս կարևոր է համատեղել և լիարժեք կերպով օգտագործել Միջազգային քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի և սփյուռքի համապատասխան մասնագետների ներուժը:

Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ այսօր մեկնարկող համագումարի պանելային քննարկումների համար ընտրված թեմաները՝ ՀՀ առջև ծառացած մարտահրավերների համատեքստում, շատ կարևոր, խիստ արդիական ու կիրառական մեծ նշանակություն ունեցող թեմաներ են, և այս կապակցությամբ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել դրանք ընտրած աշխատանքային խմբին:

Թվարկածս՝ աշխարհասփյուռ հայ իրավագետների համագործակցության կարևոր, բայց ոչ սպառիչ ուղղություններն են: Ներկայացվածի առումով՝ այսօրվա համագումարը լավագույն առիթն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի իրավաբանների ջանքերը մեկտեղելու, միասնական համազգային օրակարգ ձևավորելու և միջազգային հարթակներում գրագետ և փաստարկված մասնագիտական ճնշումների միջոցով մեր ժողովրդի և պետության իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:

 

Շնորհակալ եմ, և բարի երթ բոլորիս մեր առաքելության մեջ:

Նորություններ