Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

9 նոյեմբերի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

2022 թվականի հոկտեմբերի 24-26-ը Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վիլնյուս և մասնակցել է Լիտվայի 1922 թվականի Սահմանադրության 100-ամյակին և Լիտվայի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրության ընդունման 30-րդ տարեդարձին նվիրված՝ «Ազգային սահմանադրությունից դեպի վերազգային սահմանադրականություն» խորագրով բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին:
Նշված խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են մեկ տասնյակից ավելի եվրոպական պետությունների սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների նախագահներ և դատավորներ: Միջազգային խորհրդաժողովի շրջանակներում գումարված թեմատիկ աշխատանքային նիստերից մեկի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես է եկել որպես բանախոս: 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ: 
Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Դանուտե Յոչիենեն ողջունել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ ներքին բարեփոխումները և նշել, որ իր երկրի բարձր դատարանը պատրաստ է կիսվել իր կուտակած փորձով և օժանդակություն ցուցաբերել Հայաստանի դատաիրավական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին: 
Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի հրավերի ու Վիլնյուսում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարգանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս առնչությամբ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը և իրավունքի գերակայության ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը միտված քայլերը:
Աշխատանքային քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին և սահմանադրական դատարանների կողմից ընդունված որոշումները հանրությանը հաղորդակցելու առանձնահատկություններին:
Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև Դանուտե Յոչիենեի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լիտվայի սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, գրադարանում և աշխատանքային սրահներում: 
Վիլնյուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահի, Արդարադատության նախարարի և Գերագույն դատարանի նախագահի պաշտոնակատարի հետ: