Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 5-ՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

14 հոկտեմբերի 2022թ.

2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը Սահմանադրական արդարադատության համաշխարհային վեհաժողովի գլխավոր քարտուղարի հրավերով մասնակցել է Ինդոնեզիայում գումարված Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Վեհաժողովի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը բարձր դատարանների տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի և Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության, ինչպես նաև  Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության պաշտոնական  նիստերում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: 
Դատավոր Գրիգորյանը նաև երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության, Խորվաթիայի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմիների և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր, նախանշվել փոխադարձ մասնագիտական հետաքրքրության շրջանակներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ բարձր մակարդակի փոխադարձ այցերի շուրջ: Օտարերկրյա գործընկերներին ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Սահմանադրական դատարանի գործունեության հաջողությունները՝ դատավոր Գրիգորյանը կարևորել է մասնագիտական փոխադարձ հետաքրքրության թեմաներով եվրոպական ժողովրդավարական ժառանգության պաշտպանության և զարգացման հարցում Բարձր դատարանների միջև երկխոսության խթանումն ու մասնագիտական-տեխնիկական համագործակցությունը: 
Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի լիագումար նիստում մասնակից սահմանադրական արդարադատության 94 Բարձր ատյանների կողմից ընդունվել է «Բալիի կոմյունիկեն», որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/files/2022_10_06_WCCJ5_Bali_Communique-E.PDF: