ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
15 մայիսի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2026 թվականի մայիսի 11-12ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն:
Լոնդոնում ընթացող աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 11-ին այցելել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որտեղ հանդիպում է ունեցել ՄԹ Գերագույն դատարանի նախագահ Լորդ Ռիդի և ՄԹ Գերագույն դատարանի փոխնախագահ Լորդ Սեյլսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության անկախության ապահովման, դատական առաջնորդության, ինչպես նաև հանրային վստահության պահպանման հիմնարար հարցերը։ Կողմերը կարևորել են սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շարունակական զարգացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և Լորդ Ռիդը հուշանվերներ են փոխանակել: Արման Դիլանյանը գրառում է կատարել ՄԹ Գերագույն դատարանի այցելուների հուշամատյանում:
ՄԹ Գերագույն դատարանում տեղի են ունեցել նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ նվիրված դատական անկախության, դատարանների կառավարման և հանրային հաղորդակցության հարցերին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Միացյալ Թագավորության Գերագույն դատարանում, ծանոթացել դատարանի գործունեության առանձնահատկություններին, կառուցվածքին և իրավասությանը։ Այնուհետև կայացել է մասնագիտական քննարկում դատարանի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավարության հետ։ Քննարկվել են դատական իշխանության հաղորդակցման ժամանակակից գործիքները, լրատվամիջոցների հետ աշխատանքի մեխանիզմները, թվային հաղորդակցության ռազմավարությունները, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել են ՀՀ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Արտակ Զեյնալյանը, ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպումներին մասնակցել են նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորության արդարադատության նախարարության պաշտոնյաներ: Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՆԳԼԻԱՅԻ ՈՒ ՈՒԵԼՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ
ՄԹ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը այցելել է Լոնդոնի Արդարադատության Թագավորական դատարաններ, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Միացյալ Թագավորության բարձր դատական իշխանության ներկայացուցիչների հետ։
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Հովակիմ Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են Անգլիայի և Ուելսի գլխավոր դատավոր Բարոնուհի Քար օֆ Ուոլթոն-օն-դը-Հիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական անկախության երաշխիքները, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև քաղաքական և հանրային զգայունություն ունեցող գործերի քննության առանձնահատկությունները:
Այնուհետև, տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Լորդ դատավոր Նյուջին, Լորդ դատավոր Սնոուդենը, դատավորներ Ռոբին Նոուելսը և Սայմոն Փիկեն: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել դատարանների կառավարման, դատական համակարգի արդյունավետության և արդարադատության մատչելիության հարցերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային մասնագիտական համագործակցության և դատական փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես սահմանադրական արդարադատության և դատարանների կառավարման ոլորտներում։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Թագավորական դատարաններում, ծանոթացել Անգլիայի և Ուելսի բարձր դատարանների կառուցվածքին, դատարանների զարգացման պատմական առանձնահատկություններին։
ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Լոնդոն՝ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 12-ին այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանատուն: ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը պատվիրակությանը հյուրընկալել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը՝ պատվիրակության այցին ցուցաբերված աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը միջազգային գործընկերային կապերի ամրապնդման տեսանկյունից։
Դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Միացյալ Թագավորության դատական հաստատությունների միջև ձևավորված մասնագիտական երկխոսությունը՝ նշելով, որ այն նպաստում է իրավական ինստիտուտների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։
ՍԴ նախագահը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին է հանձնել ՀՀ ՍԴ հուշամեդալը: