Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 4 (112) 2023

ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՏԻՐՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Ամփոփագիր

Անձի ինքնության բացակայությունը կամ կորուստը կարող է լրջորեն ազդել վերջինիս ինքնաճանաչման, բարեկեցության և պատկանելության զգացողության վրա: Հատկապես երեխաների ինքնության բազմաթիվ գործոններ, փոխնակ մայրության հարցերում, չափազանց կարևոր են և անհրաժեշտ է, որպեսզի վերջիններիս ինքնության հաստատմանը և ծննդի գրանցմանն առնչվող բոլոր տարրերը պահպանվեն ծննդաբերությունից առաջ և հետո: Երեխայի ինքնության իրավունքը ոչ միայն ինքնուրույն իրավունք է, այլև սերտորեն կապված է այլ իրավունքների իրացման հետ, ինչպիսիք են երեխայի զարգացումը, ընտանիքի հետ միասին ապրելը և այլն։ Այս չափանիշներին համապատասխանելու համար ինքնության մասին բոլոր տեղեկությունները պետք է պահպանվեն ճշգրիտ և թափանցիկ ձևով, ներառյալ փոխնակ մայրությանն առնչվող տեղեկությունները:

Թեև փոխնակ մայրությունը փոխում է ինքնության բաղկացուցիչ տարրերը, խզելով հղիության և սոցիալական ծնողության միջև կապը, երեխայի հիմնարար իրավունքները մնում են նույնը: Երեխայի տեսանկյունից հղիությունը և ծնողական պատասխանատվության իրականացումը վերջինիս ինքնության բաղկացուցիչ տարրերից են1: Հետևաբար ինքնության իրավունքը անկախ է երեխայի ծննդյան հետ կապված հանգամանքներից և որևէ հետագա խտրական պրակտիկայից։ Ինքնության հետ կապված բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, նույնպես պետք է լինեն փոխնակ մայրության հարցում երեխայի լավագույն շահերի գնահատման և որոշման մաս։ Հաշվի առնելով ինքնության հետ կապված խնդիրների կարևորությունը, որոնք կարող են կրել իրավական, բժշկական և/կամ հոգեսոցիալական բնույթ, և ունեն ողջ կյանքի ընթացքում առանցքային ազդեցություն, հավասարապես անհրաժեշտ է դրա դիտարկումը ներառել որպես փոխնակ մայրության ցանկացած պայմանավորվածության մաս։

Հետևաբար, հոդվածում ուսումնասիրվում են երեխայի ինքնության հաստատման իրավունքի և ծննդյան գրանցման հիմնախնդիրները փոխնակ մայրության համատեքստում։

Հիմնաբառեր. փոխնակ մայրություն, երեխայի ինքնության հաստատման իրավունք, ՅՈՒՆԻՍԵՖ, երեխայի ծագում, կենսաբանական ծնողներ, ծննդյան գրանցում, Վերոնայի սկզբունքներ։

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.4-110