Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ՆԵՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԷՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածի հետազոտության առարկան ներման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումն է: Հեղինակի նպատակն է վերհանել ներման իրավաչափության պայմաններն ու նպատակը, ինչպես նաև այն տարանջատել հարակից նույնանման ինստիտուտներից համաներում, պատժից ազատման այլ ձևեր։ Հոդվածի հիմնական դրույթներում քննարկվում են ներման ինստիտուտի տարբեր դրսևորումները՝ որպես պատժից ազատում, իրավական ակտ և հումանիզմի սկզբունքի արտահայտություն։ Հեղինակը վերլուծում է ՀՀ Սահմանադրության և «Ներման մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ ընդգծելով, որ ներում շնորհելը Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունն է, որը կապված է դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու հետ, սակայն Հանրապետության նախագահը դրանով կաշկանդված չէ։ Համեմատական-իրավաբանական մեթոդի գործածմամբ փորձ է արվել բացահայտել միջազգային չափանիշներն ու լավագույն փորձը, մասնավորապես՝ ուսումնասիրվել են Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի մոտեցումները։ Հեղինակը հիմնավորել է, որ ներում շնորհելու մասին հրամանագիրն անհատական իրավական ակտ է, որը ենթակա չէ դատական բողոքարկման։ Հոդվածում առանձին անդրադարձ է կատարվել նաև ներում շնորհելու նպատակներին՝ եզրահանգելով, որ դրանք են մարդասիրությունը, սոցիալական վերականգնումը, երբեմն՝ քաղաքական իրողությունները։ Մտահանգում է կատարվել այն մասին, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից ներումը սահմանվում է որպես սահմանադրաիրավական ինստիտուտ, որը որոշում է պետության գլխի սահմանադրական լիազորության բովանդակությունն ու մեխանիզմը՝ քրեական պատժից ազատելու կամ այն մեղմացնելու համար՝ որպես հումանիզմի և պետական ներման սահմանադրական սկզբունքի դրսևորում։

Հիմնաբառեր. ներում, դատապարտյալ, հանրային շահ, հայեցողություն, սոցիալական վերականգնում, արտադատական ակտ, մարդասիրություն։

DOI: https://10.59560/18291155-2026.3-317