Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 2(119)2025

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՍԵՐԳԵՅ ՔՈՉԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Իրավունքի տեսության մեջ ավանդաբար իրավաբանական տեխնիկայի բովանդակային կանոններ են համարում իրավական կարգավորման ոլորտում հասարակական հարաբերության որոնումը, իրավական կարգավորման միասեռությունը, իրավական կարգավորման ամբողջականությունը, իրավունքի ճյուղի ճիշտ ընտրությունը, իրավական ձևի ընտրությունը, իրավական փաստաթղթերի համապատասխանության ապահովումը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, որոնք որպես իրավական ակտերի մշակման, ձևակերպման, խմբագրման գործընթացին ուղղված կոնկրետ պահանջներ կոչված են ապահովելու իրավական ակտերի հստակությունը, տրամաբանությունը, համակարգվածությունը և կիրարկելիությունը։ Սակայն իրավաբանական տեխնիկայի բովանդակային բաղադրիչները պետք է ապահովեն նաև իրավունքի պահանջների (կամ իրավունքի գերակայության համաիրավական սկզբունքի պահանջների) կենսագործումը։

Հետևաբար, իրավական օրինականության սկզբունքի հայեցակարգի դիրքերից ելնելով` իրավաբանական տեխնիկայի բովանդակությանը ներկայացվող և իրավունքի գերակայությունն ապահովող պահանջներից են նաև՝ մարդու իրավունքներն անօտարելի են և ի ծնե պատկանում են նրան. մարդու ազատությունը, իրավահավասարությունը և արժանապատվությունն իրավական կարգավորման նպատակն են. մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են. մարդու իրավունքների ճանաչումը, պահպանումը, ապահովումը, պաշտպանությունը պետության պարտականությունն է. պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք. մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք հարգվում ու պաշտպանվում է պետության կողմից. բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև. հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել պետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները. Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով ու միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքները և ազատությունները. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ. օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ այլ իրավական ակտերը՝ Սահմանադրությանը և օրենքներին. Իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով. վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը և այլն:

Հիմնաբառեր. իրավաբանական տեխնիկա, կառուցվածք, բովանդակային կանոն, իրավունքի գերակայություն, իրավական օրինականություն, պահանջներ, սկզբունքներ։

DOI: https://doi.org/ 10.59560/18291155-2025.2-147