Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ․ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածում իրականացվել է սահմանադրական իրավունքի նորմերի և միջազգային պայմանագրերի իրավունքի նորմերի հարաբերակցության համակարգային պատմաիրավական, տեսական և համեմատական-իրավական վերլուծություն: Հետազոտության առարկան ներպետական սահմանադրական կարգավորումների և միջազգային պայմանագրային պարտավորությունների փոխգործակցության կառուցակարգերն են, իսկ նպատակը՝ ազգային իրավական համակարգում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համատեքստում, դրանց արդյունավետ ու օպտիմալ փոխհարաբերության մոդելի բացահայտումը: Աշխատանքում մանրամասն քննության են ենթարկվել դուալիստական և մոնիստական տեսությունների պատմական էվոլյուցիան, Եվրոպական միության իրավունքի յուրահատուկ բնույթը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նորմերի գերակայության դրսևորումները արտասահմանյան մի շարք երկրների (Գերմանիա, Հունաստան, Բուլղարիա, Իսպանիա) սահմանադրական պրակտիկայում: Հետազոտության արդյունքում հիմնավորվել է, որ ժամանակակից ինտեգրացիոն գործընթացների պայմաններում իշխող հարաբերակցությունը դուրս է եկել «դուալիզմ ընդդեմ մոնիզմի» ավանդական դիխոտոմիայից և հենվում է փոխլրացման, համակարգային ներդաշնակության ու համադրելիության կանխավարկածի վրա: Հոդվածում ցույց է տրված, որ ներպետական օրենքների նկատմամբ վավերացված միջազգային պայմանագրերի նախապատվությունը չի նվազեցնում Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը, քանի որ հենց Սահմանադրությունն է հանդիսանում պետության ինքնիշխանությունը երաշխավորող նախնական իրավական «զտիչը»: Միաժամանակ, վերլուծվել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մարմինների (մասնավորապես՝ ՄԻԵԴ-ի) պրակտիկայի ինկորպորացիայի դերը, որը հանգեցնում է սահմանադրական նորմերի դինամիկ զարգացմանն ու «բաց սահմանադրականության» ձևավորմանը՝ միաժամանակ պահպանելով ազգային իրավական ինքնությունը:

Հիմնաբառեր. սահմանադրական իրավունք, միջազգային պայմանագրեր, իրավական համակարգերի հարաբերակցություն, դուալիզմ և մոնիզմ, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ, համադրելիության կանխավարկած, բաց սահմանադրականություն:

DOI: https://10.59560/18291155-2026.3-242