Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1(118)2025

ԻՐԱՎՈՒՆՔԻ EXTRA LEGEM ԵՎ CONTRA LEGEM ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԿ ՑԱՆԿԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Ամփոփագիր


     Սույն հոդվածում քննարկվում են իրավունքի տեսությունում քիչ ուսումնասիրված՝ օրենսդրի լռության, օրենսդրական փակ ցանկերի և այդ ցանկերը contra legem տրամաբանությամբ «բացելու» կամ extra legem տրամաբանությամբ լրացնելու հարցերը։

   Հեղինակը տերմինների հստակեցման նպատակով առանձնացնում է օրենսդրական լռության (օրենսդրական բացի) երկու դրսևորում՝ օրենսդրի բացթողումը և օրենսդրի գիտակցված լռությունը։ Օրենսդրական բացը ոչ միայն օրենսդրի բացթողման հետևանք է, այլ նաև օրենսդրի գիտակցված լռության։

    Հոդվածում առաջ է քաշվում օրենսդրական բացթողման կանխավարկածի գաղափարը, ըստ որի՝ եթե բացակայում են հարաբերությունն օրենսդրի կողմից գիտակցաբար չկարգավորելու մասին փաստական տվյալներ, ապա պետք է ելնել այն հերքելի կանխավարկածից, որ այդ հարաբերությունը չկարգավորելն օրենսդրի բացթողման (սխալի) հետևանք է։ Օրենսդրական բացթողման կանխավարկածը կարելի է փաստական տվյալներով հերքել՝ հաստատելով օրենսդրի գիտակցված լռության հանգամանքը։ Օրենսդրական բացթողման կանխավարկածի պայմաններում այդ բացը լրացվում է extra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա։

    Իրավիճակն այլ է օրենսդրական փակ ցանկերի պարագայում։ Հեղինակը, նկատի ունենալով փակ ցանկերի տեխնիկայի առանձնահատկությունը և այդ ցանկի միջոցով իրավական կարգավորման իմպերատիվ մեթոդի գործածությունը (ցանկում չնախատեսված տարրերի հետ իրավական գործողություններ կատարելու իմպլիցիտ արգելքը), նշում է, որ փակ ցանկերի պարագայում գործում է ոչ թե օրենսդրական բացթողման կանխավարկածը, այլ օրենսդրի գիտակցված լռության կանխավարկածը։ Փակ ցանկի դեպքում, այնուամենայնիվ, օրենսդրական բացթողում, թեև հազվադեպ, սակայն հնարավոր է։ Օրենսդրի գիտակցված լռության կանխավարկածը կարելի է հերքել, եթե փաստական տվյալներով հաստատվում է օրենսդրի բացթողման առկայությունը։ 

    Եթե փակ ցանկերի պարագայում օրենսդրի գիտակցված լռության կանխավարկածը չի հերքվել, ապա այդ ցանկը իրավունքի սկզբունքների թելադրանքով հնարավոր է «բացել» և դրանում նոր տարր ավելացնել contra legem իրավունքի զարգացման դոկտրինի հիման վրա։ Այս պարագայում իրավակիրառողը գործում է օրենքին հակառակ, քանի որ օրենսդրական փակ ցանկից բխում է այդ ցանկում չներառված տարրերի հետ իրավաբանական օպերացիաներ կատարելու իմպլիցիտ իրավական արգելքը։ 

Հիմնաբառեր. օրենսդրական բաց, օրենսդրական բացթողում, օրենսդրի գիտակցված լռություն, contra legem, extra legem, օրենսդրական փակ ցանկ։ 
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.1-9