Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3(124)2026

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Ամփոփագիր

Սույն հոդվածի հետազոտության առարկան կենսաբժշկության համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի տեղն ու դերն է հիմնարար իրավունքների համակարգում, ինչպես նաև դրա հարաբերակցությունը մարդկային արժանապատվության, անձնական ինքնավարության, առողջության իրավունքի, մասնավոր կյանքի, անձնական ինքնության և մտքի ազատության հետ։ Հետազոտության նպատակն է բացահայտել ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ինքնուրույն նորմատիվ բովանդակությունն ու գործառույթը և սահմանազատել այն հարակից հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներից՝ միաժամանակ հաշվի առնելով դրանց փոխկապակցվածությունը կենսաբժշկական միջամտությունների պայմաններում։ Հոդվածում հիմնավորվում է, որ մարդկային արժանապատվությունը ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության արժեքաբանական հիմքն է, իսկ անձեռնմխելիությունն առավել որոշակիորեն սահմանում է անձի ֆիզիկական, հոգեկան և նյարդաճանաչողական ոլորտների նկատմամբ իրավաբանորեն նշանակալի միջամտության թույլատրելիության սահմանները։ Անձնական ինքնավարությունը դիտարկվում է որպես անձի նկատմամբ միջամտությունների վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավական հնարավորություն, մինչդեռ առողջության իրավունքը հիմնականում առնչվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանների և երաշխիքների ապահովմանը։ Հիմնավորվում է նաև հոգեկան անձեռնմխելիությունը հոգեկան առողջության հետ չնույնացնելու անհրաժեշտությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նյարդատեխնոլոգիաների զարգացման պայմաններում մասնավոր կյանքի, հոգեկան անձեռնմխելիության, անձնական ինքնության և մտքի ազատության հարաբերակցությանը։ Հետազոտության արդյունքում առաջարկվում է ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության տեղը հիմնարար իրավունքների համակարգում գնահատել ինքնուրույնության և փոխկապակցվածության համակցման հիման վրա՝ յուրաքանչյուր հիմնարար իրավունքի համար պահպանելով դրա առանձնահատուկ նորմատիվ գործառույթը։

Հիմնաբառեր․ կենսաբժշկություն, ֆիզիկական անձեռնմխելիություն, հոգեկան անձեռնմխելիություն, արժանապատվություն, անձնական ինքնավարություն, մասնավոր կյանքի գաղտնիություն, անձի ինքնություն, հոգեբանական շարունակականություն, մտքի ազատություն։

DOI: https://10.59560/18291155-2026.3-156