ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38, 63 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 2005թ. հունիսի 29-ին՝ Երեւանում։

Կոնվենցիայի նպատակը երկու պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումից խուսափելն է։

2. Կոնվենցիան սահմանում է հետեւյալ հարկատեսակները. Հայաստանի դեպքում՝ շահութահարկ եւ եկամտահարկ, Սիրիայի դեպքում՝ եկամտահարկ առեւտրային, արդյունաբերական եւ ոչ առեւտրային շահույթից, շարժական եւ անշարժ գույքից ստացվող եկամտից, ինչպես նաեւ աշխատավարձից եւ ոչ ռեզիդենտներից, սահմանված կամ հետագայում սահմանվելիք լրացուցիչ գանձումներից։

3. Կոնվենցիան ունի Արձանագրություն, որը դրա անբաժանելի մասն է։

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

ա/ ձեռնպահ մնալ Կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Կողմին,

բ/ չհարկել այն ուսանողի, պրակտիկանտի կամ ստաժյորի ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար՝ Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացած վճարումները, ով հանդիսանում է կամ անմիջապես մինչեւ Հայաստան ժամանելը հանդիսացել է մյուս Կողմի պետության ռեզիդենտ եւ գտնվում է Հայաստանում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով,

գ/ ՀՀ ժամանելուց հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում մյուս Կողմի այն ռեզիդենտին, որը Հայաստան է ժամանել համալսարան, գիտահետազոտական ինստիտուտ կամ այլ համանման ուսումնական հաստատություն հետազոտման կամ դասավանդման նպատակով, չհարկել դրանց դիմաց ստացած վարձատրության կապակցությամբ,

դ/ ապահովել, որպեսզի պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար՝ պայմանով, որ այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասի կոնվենցիային,

ե/ ճանաչել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անդամների՝ միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 եւ 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-651

print page Տպել էջը