ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՌՈՄՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 25 ապրիլի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված՝ Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագիրն ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 3-ին Հռոմում՝ պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման եւ կայուն օգտագործման եւ գյուղատնտեսության կայուն զարգացման ու պարենի անվտանգության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային համահունչ, դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար եւ հավասարաչափ բաշխման նպատակներով։

2. Պայմանագրի բաղկացուցիչ մասն են կազմում հավելված 1-ը (Մշակաբույսերի ցանկ, որոնց վրա տարածվում է բազմակողմ համակարգի ազդեցությունը) եւ հավելված 2-ը։

3. Պայմանագրի կիրառման նպատակով սահմանվում են մի շարք տերմիններ, որոնցից առանցքային նշանակություն ունեն «in-situ պահպանում» եւ «ex-situ պահպանում» հասկացությունները, քանզի Կողմերն իրենց պարտավորություններն իրականացնելիս պետք է ուշադրություն դարձնեն պահպանման կոնկրետ այդ տեսակների վրա։ Համաձայն պայմանագրի՝ «in-situ պահպանում» նշանակում է էկոհամակարգերի եւ բնակության վայրերի պահպանում եւ իրենց բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանում եւ վերականգնում, իսկ տնայնացված եւ մշակովի տեսակների առնչությամբ՝ այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները, իսկ «ex-situ պահպանում» նշանակում է պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում իրենց բնակեցման տեղանքից դուրս։

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ պայմանագրում ներկայացված հասկացությունների թարգմանության հստակեցումների անհրաժեշտություն կա (մասնավորապես՝ հոդված 2, հավելված 1)։

4. Ըստ պայմանագրի՝ Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- իրականացնում են պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հետազոտումն ու ապրանքագրումը՝ հաշվի առնելով գոյություն ունեցող պոպուլյացիաների ներկա վիճակը եւ փոփոխականության աստիճանը, այդ թվում՝ նաեւ դրանց մեջ, որոնք կարող են օգտագործվել այն դեպքերում, երբ դրանց որեւէ վտանգ է սպառնում,

- աջակցում են պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների եւ այն բուսական գենետիկական ռեսուրսների մասին հավելյալ համապատասխան տեղեկատվության հավաքմանը, որոնց վտանգ է սպառնում, կամ որոնք կարող են օգտագործվել,

- անհրաժեշտության դեպքում աջակցում կամ սատարում են ագարակատերերի կամ տեղական համայնքների ջանքերին, որոնք ուղղված են տնտեսություններում պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ռացիոնալ կառավարմանը եւ պահպանմանը,

- աջակցում են պարենի արտադրության համար in-situ մշակովի բույսերի վայրի տեսակների եւ վայրի բույսերի պահպանությանը, ի թիվս այլոց՝ պահպանվող շրջաններում աջակցություն ցուցաբերելու միջոցով, մշտական եւ տեղական համայնքի ջանքերով,

- համագործակցում են ex-situ արդյունավետ եւ կայուն պահպանման համակարգի ստեղծմանը նպաստելուն՝ պատշաճ ուշադրություն հատկացնելով համապատասխան փաստաթղթաբանության, բնութագրման, վերականգնման եւ գնահատման անհրաժեշտությանը, եւ աջակցում են պարենի ու գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համակարգի կատարելագործման նպատակով համապատասխան տեխնոլոգիաների մշակմանը եւ փոխանցմանը,

- իրականացնում են պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կենսունակության ապահովման, փոփոխականության աստիճանի եւ հավաքածուների գենետիկական ամբողջականության դիտարկում։

5. Պայմանագրի Կողմերը պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն օգտագործման համար կարող են ներառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսության ոլորտում արդար քաղաքականության իրականացումը, հետազոտությունների աշխուժացումը, անհրաժեշտության դեպքում՝ այն բույսերի սելեկցիային օժանդակումը, որոնք ագարակատերերի օժանդակությամբ առանձնապես զարգացող երկրներում ուժեղացնում են հատկապես սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական պայմաններին հարմարված, այդ թվում՝ սահմանային շրջաններում տեսակների ստեղծման ներուժը, ագարակատերերի տրամադրության տակ գտնվող մշակովի բույսերի գենետիկական բազայի ընդլայնումը եւ գենետիկական բազմազանության շրջանակի մեծացումը եւ այլ միջոցներ։

6. Պայմանագրով նախատեսվում է նաեւ ազգային պարտավորություններին ու միջազգային համագործակցությանը, տեխնիկական օժանդակությանը, ագարակատերերի իրավունքներին, շահույթի բաշխման եւ մատչելիության բազմակողմ համակարգին առնչվող դրույթներ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված՝ Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 ապրիլի 2006 թվականի
ՍԴՈ - 631

print page Տպել էջը