ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1964 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՄԱՇԽԱՐ- ՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 20 սեպտեմբերի 2005թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1964 թվականի հուլիսի 10-ին Վիեննայում ստորագրված՝ Համաշխարհային փոստային միության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կանոնադրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կանոնադրությունն ստորագրվել է 1964թ. հուլիսի 10-ին՝ Վիեննայում։

Կանոնադրության նպատակը փոստային կապերի արդյունավետ գործունեության միջոցով ժողովուրդների միջեւ կապերի զարգացումն ու մշակութային, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում միջազգային համագործակցության բարձր նպատակներին աջակցության ապահովումն է։

Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1966թ. հունվարի 1-ին։

Ըստ կանոնադրության 11 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի՝ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է միանալ Համաշխարհային փոստային միությանը՝ Միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենին ուղարկելով Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը եւ դրա պարտադիր փաստաթղթերին միանալու մասին պաշտոնական հայտարարություն։ ՀՀ արտաքին գործերի նախարարը համաշխարհային փոստային միությանն անդամակցելու հավաստագիր է ներկայացրել 1992թ. հուլիսի 3-ին։

2005թ. օգոստոսի 1-ի դրությամբ Համաշխարհային փոստային միությանն անդամակցում են 190 պետություններ, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ կանոնադրության՝ սահմանադրական դատարան ներկայացված տեքստը ներառում է 1969թ.՝ Տոկիոյում, 1974թ.՝ Լոզանում, 1984թ.՝ Համբուրգում, 1989թ.՝ Վաշինգտոնում, 1994թ.՝ Սեուլում, 1999թ. Պեկինում կայացած Համաշխարհային փոստային միության Համագումարների կողմից ընդունված վեց լրացուցիչ արձանագրություններով կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները։

2. Կանոնադրությամբ ստեղծվում է Համաշխարհային փոստային միություն (այսուհետ՝ Միություն), որն իրենից ներկայացնում է միասնական փոստային տարածք եւ ներառում է անդամ երկրների տարածքները, ինչպես նաեւ այն երկրների տարածքները, որոնք, Միության անդամ չհանդիսանալով, ընգրկված են Միության մեջ, քանի որ փոստային առումով ենթարկվում են անդամ երկրներին։

Միության նպատակը փոստային հարաբերությունների կազմակերպման եւ կատարելագործման ապահովումն է եւ այդ բնագավառում բարենպաստ պայմանների ստեղծումը՝ միջազգային համագործակցության զարգացման համար։

Միության եւ նրա մշտական մարմինների նստավայրը Բեռն քաղաքն է։

Կանոնադրությամբ սահմանվում են Միության մարմինները (Համագումար, Վարչական խորհուրդ, Փոստային շահագործման խորհուրդ, Միջազգային բյուրո), դրանց կարգավիճակը, Միության փաստաթղթերը (Կանոնադրություն, Ընդհանուր կանոնակարգ, Համաշխարհային փոստային միության կոնվենցիա, Նամակագրական թղթակցության կանոնակարգ, Փոստային ծանրոցների կանոնակարգ, Միության համաձայնագրեր եւ դրանց կանոնակարգեր), դրանց իրավաբանական բնույթը, կիրառման ոլորտները, ստորագրման, իսկության հաստատման, վավերացման եւ հավանության այլ ձեւերի ընթացակարգերը, Միության փաստաթղթերում անդամ երկրների կողմից առաջարկություններ ներկայացնելու, կանոնադրությունում կատարվող փոփոխությունների եւ դրանց ուժի մեջ մտնելու ընթացակարգերը, անդամ երկրների փոստային ադմինիստրացիաների միջեւ Միության փաստաթղթերի մեկնաբանության եւ կիրառման հետ կապված վեճերի լուծման կարգը։

3. Կանոնադրությամբ Միության անդամ երկրները, մասնավորապես, պարտավորվում են վճարել Միության ամենամյա ծախսերը եւ հաջորդ Համագումարի անցկացման ծախսերի գումարը՝ ընտրելով անդամավճարի՝ իրենց համար ցանկալի դասը։

4. Սահմանադրական դատարանը նաեւ արձանագրում է, որ Համաշխարհային փոստային միության կանոնադրության վավերացման տարիներ շարունակ ձգձգումը չի նպաստել այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1964թ. հուլիսի 10-ին Վիեննայում ստորագրված՝ Համաշխարհային փոստային միության կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ - 597

print page Տպել էջը