ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ՝ ԴԵՐԻ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 14 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1978 թվականի հունիսի 26-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի հարցերի կարգավորման՝ դերի, գործառույթների եւ կազմակերպման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1978թ. հունիսի 26-ին Ժնեւում՝ աշխատանքի հարցերի կարգավորման ամբողջ համակարգին առնչվող ղեկավար սկզբունքներ սահմանելու նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1980թ. դեկտեմբերի 11-ին։

2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքում ապահովել հստակ համակարգված պարտականություններով եւ գործառույթներով օժտված՝ աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի կազմակերպում եւ արդյունավետ գործունեություն։ Աշխատանքի հարցերի կարգավորման համակարգը, ըստ կոնվենցիայի սահմանման, ներառում է աշխատանքի հարցերի կարգավորման համար պատասխանատու պետական կառավարման բոլոր մարմինները եւ ցանկացած կազմակերպական կառույց, որը կոչված է համակարգելու այդ մարմինների գործունեությունը եւ ապահովելու խորհրդակցություններ, մի կողմից՝ այդ մարմինների, մյուս կողմից՝ գործատուների ու աշխատողների միջեւ։

Աշխատանքի հարցերի կարգավորման համակարգի անձնակազմը պետք է ապահովվի իր պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ կարգավիճակով, նյութական եւ ֆինանսական միջոցներով։

3. Կոնվենցիան Պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահում աշխատանքի հարցերի կարգավորման բնագավառում գործունեության որոշ ոլորտներ պատվիրակել կամ վստահել ոչ կառավարական կազմակերպությունների։ Պայմանավորվող կողմերը կարող են նաեւ աշխատանքի ազգային քաղաքականության որոշ հարցեր դիտել որպես գործատուների եւ աշխատողների կազմակերպությունների միջեւ բանակցությունների կարգավորման առարկա։

4. Կոնվենցիան սահմանում է Պայմանավորվող կողմերի այն իրավասու մարմինների պարտականությունները, որոնք պատասխանատու են աշխատանքի ազգային քաղաքականության կազմակերպման, կառավարման, համակարգման, ստուգման եւ վերանայման համար։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1978թ. հունիսի 26-ին Ժնեւում ընդունված՝ Աշխատանքի հարցերի կարգավորման՝ դերի, գործառույթների եւ կազմակերպման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 545

print page Տպել էջը