ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԵԼՈՒՍՏԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 8 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1988 թվականի մարտի 10-ին Հռոմում ստորագրված՝ Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1988թ. մարտի 10-ին Հռոմում՝ Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (այսուհետեւ՝ Կոնվենցիա) կիրառումը մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի վրա տարածելու նպատակով։

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 1-ից։

2. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կոնվենցիայի 5, 7 եւ 10-16 հոդվածների դրույթները կիրառել նաեւ արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների, դրանց կատարման փորձի եւ դրանց հանցակցության առնչությամբ, եթե այդ հանցագործությունները կատարվել են մայրցամաքային ելուստի վրա տեղադրված նավամատույցի դեմ կամ դրա վրա։

Ստանձնելով Կոնվենցիայի նշված դրույթներն արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ կիրառելու պարտավորություն՝ Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, պարտավորվում են.

- իրենց ներպետական օրենսդրությամբ նախատեսել համապատասխան պատիժներ՝ այդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար,

- հանցագործի կամ ենթադրյալ հանցագործի՝ իրենց տարածքում գտնվելու դեպքում ձերբակալել կամ ձեռնարկել այլ միջոցներ, որոնք կապահովեն տվյալ անձի ներկայությունն այն ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար,

- արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունները որպես հանձնում առաջացնող հանցագործություններ ներառված համարել հանձնման մասին գործող պայմանագրերում եւ ներառել հետագայում կնքվելիք նման պայմանագրերում,

- արձանագրությունում նշված հանցագործությունների առնչությամբ միմյանց տրամադրել իրավական օգնություն։

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաեւ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց պետության մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի վրա կամ դրա դեմ, կամ իրենց քաղաքացու կողմից կատարված՝ արձանագրության 2 հոդվածով նախատեսված հանցագործությունների նկատմամբ իրենց իրավազորությունը հաստատելու համար։

3. Արձանագրության նախաբանի համաձայն՝ արձանագրությանը կարող են մասնակցել միայն Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է քննության առարկա արձանագրությանը միանալ միայն Կոնվենցիայի կողմ հանդիսանալու դեպքում։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1988թ. մարտի 10-ին Հռոմում ստորագրված՝ Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

8 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 541

print page Տպել էջը