ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 3 դեկտեմբերի 2004թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1992 թվականի հունիսի 23-ին Ժնեւում ընդունված՝ Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետեւ՝ Կազմակերպություն) Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1992թ. հունիսի 23-ին Ժնեւում՝ գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության նպատակով։

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1995թ. հունիսի 6-ից։

Կոնվենցիան իր 3 հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերի սահմաններում վերանայում է «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949թ. կոնվենցիան, որը, սակայն, մնում է բաց վավերացման համար։ Կազմակերպության անդամ պետության կողմից քննության առարկա կոնվենցիայի 2-րդ բաժնի պարտավորությունների ընդունումը տվյալ անդամի համար դադարեցնում է «Աշխատավարձի պաշտպանության մասին» 1949թ. կոնվենցիայի 11 հոդվածից բխող պարտավորությունների գործողությունը։

2. Հայաստանի Հանրապետությունը, կոնվենցիայի 3 հոդվածին համապատասխան, կոնվենցիային միանում է հայտարարությամբ, որի համաձայն գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայի 3 հոդվածի 1-ին կետին համապատասխան, հայտարարում է, որ պարտավորություններ է ստանձնում նշված կոնվենցիայի երկրորդ եւ երրորդ բաժիններով։

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները վերաբերում են բոլոր կատեգորիայի աշխատողներին եւ տնտեսական գործունեության բոլոր ճյուղերին՝ առանց որեւէ բացառության։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է գործատուի անվճարունակության դեպքում ապահովել աշխատողների աշխատանքային հարաբերություններից բխող պահանջների բավարարումն արտոնությունների միջոցով, այսինքն՝ այն ձեւով, որ անվճարունակ գործատուի ակտիվներից այդ պահանջները բավարարվեն մինչեւ ոչ արտոնյալ պարտատերերի պահանջների բավարարումը։

Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ պարտավորվում է գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների բավարարումն ապահովել երաշխիքային հաստատությունների միջոցով։ Երաշխիքային հաստատությունների կազմակերպման, կառավարման, գործունեության եւ ֆինանսավորման կարգը սահմանվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը եւ պրակտիկային համապատասխան։

Կոնվենցիան սահմանում է դրա շրջանակներում պաշտպանության ենթակա աշխատողների պահանջները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1992թ. հունիսի 23-ին Ժնեւում ընդունված՝ Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

3 դեկտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ - 536

print page Տպել էջը