ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 19 դեկտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մարտի 26-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2003թ. մարտի 26-ին՝ Երևանում։

Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների գործող օրենսդրություններին և համաշխարհային առևտրում ընդունված սկզբունքներին համապատասխան զարգացնել և ամրապնդել առևտրատնտեսական համագործակցությունը։

2. Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով։ Համաձայնագիրը կարգավորում է նաև հնարավոր վեճերի լուծման հետ կապված հարցերը։

3. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին համապատասխան.

- խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում միմյանց տրամադրել առավել բարենպաստության ռեժիմ,

- Կողմերի ձեռնարկությունների միջև խթանել և զարգացնել տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների փոխանակումը,

- աջակցել փոխադարձ առևտրի տարբեր ձևերի, արդյունաբերական կոոպերացիայի, տնտեսական միությունների և համատեղ ձեռնարկությունների զարգացմանը,

- օժանդակել իրենց տարածքներում առևտրային ներկայացուցչությունների, ֆիրմաների, ընկերությունների բացմանը և գործունեությանը,

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից ապրանքաշրջանառության պաշտպանության ապահովման համար և այլն։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածներին համապատասխան կոչված են ապահովել տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, պետությունների հետ հաստատել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2003թ. մարտի 26-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

19 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 458

print page Տպել էջը