ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՌՈՏԵՐԴԱՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 5 սեպտեմբերի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում ստորագրված՝ Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիան ստորագրվել է 1998 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ռոտերդամում։ Կոնվենցիայի նպատակն է առանձին վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտրում նպաստել դրանց պոտենցիալ վտանգավոր ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում ընդհանուր պատասխանատվության և Կողմերի համատեղ ջանքերի ապահովմանը, ինչպես նաև աջակցել այդ նյութերի էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը՝ դրանց հատկությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը խթանելու ու հեշտացնելու և ազգային մակարդակով դրանց ներմուծման և արտահանման վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները Կողմերի միջև տարածելու գործընթացն ապահովելու միջոցով։

Համաձայն Կոնվենցիայի՝ այն կիրառվում է արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի և խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների նկատմամբ։

Կոնվենցիան ունի հինգ հավելված։ Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են, և եթե այլ կերպ նախատեսված չէ, սույն կոնվենցիան վկայակոչելը միևնույն ժամանակ նշանակում է վկայակոչել դրա որևէ հավելված։ Ըստ Կոնվենցիայի՝ հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով։

Կոնվենցիայով բացառվում է որևէ վերապահում կատարելը։

Կոնվենցիայով Կողմերը պարտավորվում են նշանակել մեկ կամ մի քանի ազգային մարմիններ, որոնք իրավասու կլինեն հանդես գալու այդ Կողմի անունից՝ սույն կոնվենցիայով նախատեսվող վարչական գործառույթները կատարելիս։

Ըստ կոնվենցիայի՝ Կողմերը պարտավորվում են ձգտել ապահովել, որ իրենց նշանակած ազգային մարմինը կամ մարմինները բավականաչափ ռեսուրսներ ունենան իրենց խնդիրների արդյունավետ լուծման համար։ Կողմերը պարտավորվում են նաև, պատշաճ կերպով և սույն կոնվենցիայի նպատակներին համապատասխան, նպաստել գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկատվության փոխանակմանը։

Սույն կոնվենցիայի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ կոնվենցիայով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 և 34 հոդվածների պահանջներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1998 թվականի սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում ստորագրված՝ Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

5 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ - 447

print page Տպել էջը