ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 փետրվարի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սեւյանի

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

Հ. Հակոբյանի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հակոբյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի հունիսի 17-ին՝ Կիեւում, երկու երկրների տարածքում քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման նպատակով։ Դրա գործողությունը տարածվում է այն անձանց եւ նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք նշված պետություններից մեկի քաղաքացին են կամ ունեն մշտական բնակության վայր դրանցից մեկի տարածքում։ Համաձայնագիրը սահմանում է Կողմերի քաղաքացիների՝ աշխատանքային գործունեության, աշխատանքի տեղավորվելու թույլտվություն ստանալու, դիպլոմները եւ նման այլ փաստաթղթերը ճանաչելու, աշխատանքային պայմանագրեր կնքելու, աշխատանքային եկամուտների հարկման, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովության պայմաններն ու կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ իրենց պետության սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության եւ սոցիալական պաշտպանության մասին 1995 թվականի հունիսի 17-ին Կիեւում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ-42

print page Տպել էջը