ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 1 ապրիլի 2003թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2002 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում՝ նպատակ ունենալով դյուրացնել Կողմերի այն քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները, որոնք ունեն դիվանագիտական անձնագրեր՝ տրված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, և դրանով իսկ օժանդակել գոյություն ունեցող փոխհամագործակցության ակտիվացմանը։

2. Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող՝ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն քաղաքացիները, ովքեր մեկնում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք պաշտոնական առաքելությամբ՝ որպես իրենց պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ հատուկ առաքելության անդամներ կամ որպես մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպության առաքելության անդամներ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կազատվեն մուտքի արտոնագրեր ձեռք բերելու անհրաժեշտությունից։

3. Համաձայնագրով առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է սահմանվում նաև Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վավերական դիվանագիտական անձնագրեր, սակայն չեն հանդիսանում ոչ իրենց պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ հատուկ առաքելության անդամներ և ոչ էլ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպության առաքելության անդամներ՝ պայմանով, որ մյուս Պայմանավորվող պետության տարածքում նրանց գտնվելը չի գերազանցի 90 օրը, և այդ տարածքում նրանք չեն իրականացնի մասնավոր շահութաբեր գործունեություն անձամբ կամ այլ անձի միջոցով։

4. Ըստ համաձայնագրի՝ Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն մերժելու այն քաղաքացիների մուտքն իրենց տարածք կամ այդ տարածքում գտնվելը, որոնք կարող են վտանգել հասարակական կարգը, ազգային անվտանգությունը կամ բնակչության առողջությունը, կամ որոնց գտնվելը երկրում չի բավարարում սույն համաձայնագրի 1-ին կամ 2-րդ հոդվածների պահանջները։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. 2002 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 ապրիլի 2003 թվականի
ՍԴՈ - 411

print page Տպել էջը