ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 3 փետրվարի 1997 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի նպատակն է ներդրումների խրախուսման եւ պաշտպանության փոխադարձ բարենպաստ պայմանների ստեղծումը:

Համաձայնագրով սահմանվում են ներդրողներին պատճառված վնասների փոխհատուցման եւ վեճերի լուծման կարգը, ինչպես նաեւ սեփականազրկման հիմքերն ու փոխհատուցման պայմանները:

Համաձայնագրի 4 հոդվածի 2-րդ կետի ,,բ,, ենթակետով ոչ միայն չի բացառվում իշխանությունների կողմից ներդրողների ունեցվածքի ոչնչացում, այլեւ ենթադրվում է դրա հետեւանքով պատճառված վնասի համար համապատասխան փոխհատուցում չապահովելու հնարավորություն։

Համաձայնագրի 5 հոդվածով նախատեսվում է ներդրումների ազգայնացում, բռնագրավում կամ ազգայնացմանը համարժեք այլ միջոցառումների իրականացում՝ ի շահ հասարակության, ելնելով այդ Կողմի ներքին կարիքներից, հետագայում արագ, համարժեք եւ շահավետ փոխհատուցման պայմանով: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածը սահմանում է, որ սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը, հասարակության եւ պետության կարիքների համար, բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Համաձայնագրով, փաստորեն, հնարավոր է համարվում սեփականության օտարումը ոչ բացառիկ դեպքերում։ Բացի դրանից, ոչ միայն նախնական փոխհատուցում չի նախատեսվում, այլեւ կողմերն ընդամենը պարտավորվում են հետագա փոխհատուցումը կատարել «առանց անիմաստ ձգձգումների»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ համաձայնագիրը չի ստորագրվել լիազորված անձի կողմից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1996 թվականի հունիսի 9-ին Երեւանում ստորագրված համաձայնագրի 4 եւ 5 հոդվածներում ամրագրված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 փետրվարի 1997 թվականի
ՍԴՈ - 39

print page Տպել էջը