ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 10 հոկտեմբերի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զ. Գեւորգյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ անտառների նախարարության միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Զ. Գեւորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ անտառների նախարարության միջեւ ստորագրվել է Երեւանում 2001թ. ապրիլի 11-ին՝ երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում փոխշահավետ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության նպատակով։

2. Համաձայնագրով սահմանված են համագործակցության ոլորտները, այն է՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, գյուղական վայրերի զարգացում, ձկնաբուծություն։ Որպես համագործակցության իրականացման ձեւեր նախատեսված են համապատասխան տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գիտական հետազոտությունների համատեղ իրականացումը, մասնագետների փոխանակումը։ Համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսված է ստեղծել Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ։ Համատեղ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարելու են երկու Կողմերը՝ համամասնորեն։

3. Համաձայնագրով նախատեսված է դրա կիրառման եւ մեկնաբանման, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը։ Սահմանված է նաեւ համաձայնագրի գործողության հնգամյա ժամկետը երկարաձգելու կարգը։

4. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ քննության առարկա համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի պահանջների խախտմամբ՝ առանց դրա կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման։ Սահմանադրական դատարանն օրենքի նմանատիպ խախտման փաստեր հայտնաբերել է նաեւ այլ գործերի քննության ժամանակ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի հիման վրա՝ ՀՀ կառավարությանն ուղղված 2001թ. հունիսի 20-ի ՍԴՆ-62 գրությամբ ՀՀ կառավարության ուշադրությունն է հրավիրել նշված փաստի վրա։ Ի պատասխան այդ գրության՝ ՀՀ վարչապետը 2001թ. սեպտեմբերի 27-ի իր գրությամբ հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան այժմ բոլոր միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր կնքելու առաջարկությունները քննարկվում են ՀՀ կառավարության նիստերում եւ յուրաքանչյուր պայմանագրի կապակցությամբ ընդունվում է համապատասխան որոշում։ Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության հողագործության եւ անտառների նախարարության միջեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին 2001թ. ապրիլի 11-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-323

print page Տպել էջը