ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1989 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 2 մայիսի 2001թ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ Ի. Զաքարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Դոպինգի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ.Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ի. Զաքարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Դոպինգի դեմ կոնվենցիան ստորագրվել է 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում՝ սպորտում դոպինգի օգտագործումը կրճատելու, իսկ հետագայում իսպառ վերացնելու նպատակով։

2. Կոնվենցիայով Կողմերն ստանձնում են հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- համակարգել այն կառավարական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների քաղաքականությունը եւ գործունեությունը, որոնք շահագրգռված են սպորտում դոպինգի դեմ պայքարով,
- ընդունել արգելված դոպինգ դեղամիջոցների եւ դոպինգային մեթոդների մատչելիությունը եւ օգտագործումը սահմանափակող օրենքներ, կանոններ եւ վարչական միջոցներ,
- աջակցել մարզական կազմակերպություններին ուղղակի հատկացումներով կամ սուբսիդիաներով ֆինանսավորելու հակադոպինգային վերահսկումը եւ անալիզները,
- աջակցել մարզական կազմակերպությունների կողմից այն դոպինգ վերահսկման իրականացմանը, որը պահանջել են իրավասու միջազգային կազմակերպությունները,
- խրախուսել եւ դյուրացնել մարզական կազմակերպությունների կողմից այն համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս իրենց անդամներին ստուգման ենթարկվել այլ երկրներում՝ պատշաճ լիազորված հակադոպինգային վերահսկման խմբերի կողմից,
- ստեղծել հակադոպինգային ստուգման լաբորատորիաներ կամ աջակցել դրանց ստեղծմանը,
- խրախուսել եւ զարգացնել ֆիզիոլոգիական եւ հոգեբանական ծրագրերի մշակմանն ուղղված հետազոտությունների անցկացումը:
Նախատեսվում են նաեւ դաստիարակչական հարցերով, տեղեկատվության տրամադրման, միջազգային համագործակցության այլ պարտավորություններ:
Կոնվենցիայով սահմանվում են նաեւ մոնիտորինգային խմբի կազմավորման եւ գործունեության, կոնվենցիայում փոփոխություններ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, կոնվենցիայից հրաժարվելու կարգն ու պայմանները։
Կոնվենցիան ունի հավելված, որում տրվում է արգելված դոպինգ դեղամիջոցների եւ դոպինգ մեթոդների նոր տեղեկատու ցանկը։

3. Կոնվենցիան նպատակ ունի միավորել միջազգային հանրության ջանքերը սպորտում դոպինգի օգտագործման դեմ պայքարում։ Այն բխում է Օլիմպիական խարտիայում, Սպորտի միջազգային խարտիայում եւ սպորտին վերաբերող այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված բարոյական սկզբունքներից եւ կրթական արժեքներից։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Դոպինգի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 մայիսի 2001 թվականի
ՍԴՈ -297

print page Տպել էջը