ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան 6 մարտի 2001 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 եւ 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն հուշագրով «Լինսի» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում.

1. Տեղական ձեռնարկատիրական գործունեության զարգացմանն ուղղված ծրագիր, որը շարունակությունն է 1998 թ. հուլիսի 15-ին Լինսիի, ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրված վարկային պայմանագրի, եւ ուղղված է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը (այս ծրագրի համար նախատեսվում է առավելագույնը քառասունչորս միլիոն ութ հարյուր հազար (44.800.000) ԱՄՆ-ի դոլարի չափով վարկի տրամադրում): Նախատեսվում է նաեւ արտասահմանյան ներդրումների խթանման ծրագիր՝ մինչեւ երեսուն միլիոն (30.000.000) ԱՄՆ-ի դոլարի չափով:

2. Երկրաշարժի գոտում լրացուցիչ բնակարանաշինարարություն, որի համար նախատեսվում է տասնհինգ միլիոն (15.000.000) ԱՄՆ-ի դոլար:

3. Հայաստանի ճանապարհային ցանցի ծրագրում, կառուցում եւ բարելավում (այդ թվում՝ Երեւանում)՝ մարդկանց եւ ապրանքների ազատ հոսքն ապահովելու, ինչպես նաեւ ներքին զբոսաշրջիկությունը զարգացնելու նպատակով: Այս ծրագրի համար նախատեսվում է տրամադրել երեսունութ միլիոն (38.000.000) ԱՄՆ-ի դոլար:

4. Պատմական եւ մշակութային հաստատությունների վերանորոգման եւ վերականգնման համար նախատեսվում է տրամադրել մոտ տասը միլիոն (10.000.000) ԱՄՆ-ի դոլար:

5. Տուրիզմի զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքների համար նախատեսվում է տրամադրել քսան միլիոն (20.000.000) ԱՄՆ-ի դոլար:

6. Երեւան քաղաքի կենտրոնի բարեկարգման եւ բարելավման ծրագրի համար նախատեսվում է տրամադրել յոթ միլիոն (7.000.000) ԱՄՆ-ի դոլար:

Հուշագրով սահմանվում են դրամաշնորհի, վարկերի եւ այլ հատկացումների տրամադրման պայմանները եւ ժամկետները, դրանց համար անհրաժեշտ նախապայմաններ:

Սույն հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում.

ա) ապահովել ծրագրերի կատարման կազմակերպումը փոխըմբռնման հուշագրով նախատեսված կարգով եւ սահմանված պայմաններին համապատասխան.

բ) չնախատեսել եւ չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ծրագրերի կատարման ընթացքում փոփոխել հուշագրով նախատեսված իրավական հիմքերը.

գ) բացառել Լինսիի ունեցվածքի բռնագրավումը կամ այլ կերպ դրան վնաս հասցնելը, կամ դրա նկատմամբ նրա իրավազորության սահմանափակումը.

դ) հատկացված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, քան նախատեսված է հուշագրով, եւ այդ միջոցներով չֆինանսավորել այնպիսի գործունեության տեսակներ, որոնք հուշագրի պայմաններով արգելվում են.

ե) ծրագրերի կատարման համար երաշխավորել հուշագրով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրումը.

զ) «Լինսի» հիմնադրամի, նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների), պատվիրակության (պատվիրակությունների) կամ հուշագրով նախատեսված ծրագրի ղեկավարի եւ այլ սուբյեկտների փոխարեն հատուցել հուշագրով նախատեսված ցանկացած ծրագրի ֆինանսավորման կամ վերջինիս մասնակցելու ժամանակ նրանց նկատմամբ երրորդ անձանց կողմից ներկայացված պահանջների հետ կապված ծախսերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 մարտի 2001 թվականի
ՍԴՈ -290

print page Տպել էջը