ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 19 դեկտեմբերի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 եւ 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի նոյեմբերի 26-ին՝ Երեւանում, Կողմերի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման եւ իրականացման նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում՝ կապված միմյանց վերապահվող իրավունքների« ավիաընկերությունների նշանակման եւ լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման« մաքսային տուրքերից եւ այլ գանձումներից, այդ թվում նաեւ կրկնակի հարկումից ազատման, եկամուտների փոխանցման, առաջացած տարաձայնությունների կարգավորման« համաձայնագրում փոփոխություններ կատարելու եւ դրա գործողության դադարեցման կարգի հետ:

3. Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են նշանակած ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագների, չվացուցակների, մյուս Կողմի տարածքում առեւտրային գործունեության կարգավորմանը եւ արդար մրցակցության ապահովմանը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ՝ կապված միջազգային երթեւեկության մեջ ներգրավված օդանավի շահագործումից եւ օտարումից ՀՀ տարածքում ստացված եկամուտները եւ շահույթները չհարկելու հետ:

5. Համաձայնագիրն ունի հավելված« որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները եւ այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները՝ միջանկյալ եւ միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

6. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով՝ հայերեն, հոլանդերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն համաձայնագրի մեկնաբանության ընթացքում որեւէ հակասություն ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

7. Սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը, միացած լինելով Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշ կանոնների միասնականացման մասին 1929թ. հոկտեմբերի 12-ի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի, Օդանավերում կատարվող հանցագործությունների եւ մի շարք այլ ակտերի մասին 1963թ. սեպտեմբերի 14-ի Տոկիոյի, Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին 1970թ. դեկտեմբերի 16-ի Հաագայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին 1971թ. սեպտեմբերի 23-ի Մոնրեալի կոնվենցիաներին, Միջազգային օդային տրանզիտ հաղորդակցությունների մասին 1944թ. դեկտեմբերի 7-ի Չիկագոյի պայմանագրին, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի փոփոխմանը վերաբերող 1977թ. սեպտեմբերի 30-ի եւ 1984թ. մայիսի 10-ի Մոնրեալի, Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1988թ. փետրվարի 24-ի Մոնրեալի արձանագրություններին, ստեղծել է միջազգային իրավական պատշաճ հիմք երկկողմ արդյունավետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար:

Նշված միջազգային պայմանագրերը ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում, եւ քննության առարկա համաձայնագրում ամրագրված դրույթները չեն հակասում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին:

8. Սույն համաձայնագրի եւ գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնված պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրության 8 եւ 9 հոդվածների պահանջներից, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը« տնտեսական գործունեության ազատությունը եւ ազատ տնտեսական մրցակցությունը« արտաքին քաղաքականությունն իրականացնում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին 1999 թվականի նոյեմբերի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19 դեկտեմբերի 2000 թվականի
ՍԴՈ - 266

print page Տպել էջը