ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 10 մարտի 2000 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 24. 02. 2000 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ..

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի հուլիսի 23-ին՝ Հռոմում: Համաձայնագրի նպատակը տնտեսական համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է, ինչպես նաեւ ներդրումների խրախուսումը եւ պաշտպանությունը: Համաձայնագրով կարգավորվում են ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման եւ այլ հարցեր, որոնց նկատմամբ չի կարելի կիրառել անարդար եւ խտրական միջոցներ, ինչպես նաեւ սահմանված է, որ Կողմերն իրենց տարածքներում միմյանց ներդրողների ներդրումների խրախուսման համար կստեղծեն եւ կապահովեն բարենպաստ տնտեսական եւ իրավական պայմաններ: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվել է ներդրումների եւ ստացված եկամուտների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական կամ երրորդ պետության ներդրողի ներդրումների նկատմամբ, ինչպես նաեւ փոխհատուցել պատերազմի, ծայրահեղ իրավիճակների եւ այլ հանգամանքների հետեւանքով պատճառված վնասները:

Համաձայնագիրը նախատեսել է օրենքի հիման վրա, համարժեք փոխհատուցմամբ, սեփականության օտարման հնարավորություն:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող արձանագրությու-

նում պարզաբանված են համաձայնագրի առանձին հոդվածների դրույթները:

Համաձայնագիրը կոչված է նպաստելու հայ-իտալական միջպետական տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը եւ համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9 եւ 28 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

10 մարտի 2000 թվականի
ՍԴՈ - 220

print page Տպել էջը