ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագրի նպատակն է միջազգային իրավական երաշխիքներ ստեղծել՝ Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեությունն անարգել, արդյունավետ եւ անկախ իրականացնելու համար:

Միջպետական տնտեսական կոմիտեի պաշտոնատար անձինք համաձայնագրով օժտված են միջազգային քաղաքացիական ծառայողների կարգավիճակով, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ անկախ են մասնակից պետությունների մարմիններից եւ պաշտոնատար անձանցից: Քաղաքական գործունեությունն անհամատեղելի է Կոմիտեի պաշտոնատար անձանց կարգավիճակին:

Համաձայնագրով Կոմիտեի պաշտոնատար անձանց համար՝ իրենց ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարումը երաշխավորելու նպատակով, նախատեսված են արտոնություններ, անձեռնմխելիության իրավունք եւ սոցիալական երաշխիքներ: Անձեռնմխելիության իրավունքը կարող է դադարել արդարադատություն իրականացնելու նկատառումներով՝ Կոմիտեի կոլեգիայի նախագահի կամ նրա տեղակալի որոշմամբ, իսկ վերջիններիս, ինչպես նաեւ պետությունների ներկայացուցիչներին անձեռնմխելիության իրավունքից զրկելու հարցը՝ նույնպիսի նկատառումներով, որոշում է՝ համապատասխանաբար Կոմիտեի նախագահությունը կամ մասնակից համապատասխան պետության իրավասու մարմինը:

Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի ծառայողների պաշտոնների՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոններին եւ դաշնային պետական ծառայողների պետական պաշտոններին համապատասխանության ցանկը բերված է համաձայնագրի հավելվածում:

Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագրով ստանձնված պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման, զարգացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 197

print page Տպել էջը