ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Հ. Քլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված՝ 24.11.1999 թ.):

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քլոյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին՝ Մոսկվայում: Համաձայնագրի նպատակը «Տնտեսական միության ստեղծման մասին» 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1994 թվականի մարտի 29-ին) դրույթներին համապատասխան ընդհանուր ագրարային շուկայի աստիճանաբար ստեղծումն է: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են ապահովել գյուղատնտեսական արտադրանքի, պարենային ապրանքների, գիտատեխնիկական արտադրանքի, տեխնոլոգիաների, ազգային ծագմամբ ագրոարդյունաբերական համալիրի համար արտադրության միջոցների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված, իսկ հետագայում՝ ընդհանուր ագրարային քաղաքականություն՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ապրանքափոխանակության խթանման եւ այլ նպատակներով: Կողմերը պարտավորվել են նաեւ ընդունել հակամենաշնորհային օրենսդրություն, փոխհամաձայնեցնել գնային քաղաքականությունը, հաստատել սանիտարական, ֆիտոսանիտարական, անասնաբուժական կանոնակարգման համաձայնեցված համակարգ, ստեղծել ագրարային շուկայի տեղեկատվական միասնական համակարգ, անհրաժեշտ հիմնադրամներ եւ այլն:

Ընդհանուր ագրարային շուկայի ստեղծման եւ գործելու պայմանները սահմանված են կանոնադրությամբ, որը համաձայնագրի հավելվածն է եւ անբաժանելի մասը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր ագրարային շուկայի մասին 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 196

print page Տպել էջը