ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 14 դեկտեմբերի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագիրը կնքվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում՝ Եվրոպայի, Սեւ ծովի, Կովկասի, Կասպից ծովի եւ Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների եւ առեւտրի զարգացման նպատակով:
Կողմերի հիմնական նպատակներն են տնտեսական հարաբերությունների, առեւտրի եւ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը եւ այս ոլորտներում փոխադարձ օգնությունն ու աջակցությունը:
Համաձայնագրով կարգավորվում են բեռների, ուղեւորների միջազգային եւ տարանցիկ փոխադրումներին, ինչպես նաեւ այս ոլորտում Կողմերի համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Միջազգային համաձայնագրով կարգավորվում են նաեւ հարկերի, տուրքերի եւ այլ մուծումների գանձման պայմանները:
Կողմերը պարտավորվել են համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորման, այդ թվում երթեւեկության անվտանգության, բեռների անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման նպատակով ստեղծել Միջկառավարական հանձնաժողով եւ Մշտական քարտուղարություն: Վերջինս պետք է հսկողություն իրականացնի համաձայնագրի դրույթների կատարման նկատմամբ եւ կատարի Միջկառավարական հանձնաժողովի որոշումները: Միջկառավարական հանձնաժողովը որոշումներն ընդունելու է կոնսենսուսի հիման վրա:
Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին, Միջազգային երկաթուղային տրանսպորտի մասին, Միջազգային առեւտրային նավագնացության մասին, ինչպես նաեւ Մաքսային ընթացակարգերի եւ փաստաթղթերի մշակման վերաբերյալ հիմնական համաձայնագրի տեխնիկական հավելվածները:
Համաձայնագիրն ստորագրել է 12 պետություն՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ռումինիան համաձայնագիրն ստորագրել են վերապահումով:
Համաձայնագիրը կնքված է 10 տարի ժամկետով՝ ինքնաբերաբար հաջորդ հնգամյա ժամանակաշրջանում երկարաձգելու պայմանով: Կողմի տարածքում համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել, եթե այդ Կողմն առնվազն վեց ամիս առաջ գրավոր ձեւով ավանդապահին հայտնի իր տարածքում դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին:
Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերեն եւ անգլերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
14 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 194