ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 դեկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Շառոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի հունիսի 30-ին Երեւանում՝ Կողմերի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման, մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության զարգացման նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են փոխանակել մանկավարժներ եւ մշակույթի ու կրթության բնագավառների այլ մասնագետներ, կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ եւ արվեստի բնագավառի այլ միջոցառումներ, օժանդակել գեղարվեստական գրականության հրապարակմանը եւ համաձայնագրով նախատեսված ոլորտներին վերաբերող գրականության փոխանակմանը: Կողմերի միջեւ համագործակցությունը կիրականացվի նաեւ ոչ առեւտրային հիմունքներով կինոժապավենների ցուցադրման միջոցով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձ հիմունքներով ստանձնել է պարտավորություն, հնարավորության սահմաններում, մյուս Կողմի քաղաքացիներին տրամադրել կրթաթոշակներ՝ կրթական հաստատություններում ուսանելու եւ հետազոտական աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաեւ իր ներքին օրենսդրության համաձայն կուսումնասիրի մյուս Կողմի տարածքում ստացած կրթության ճանաչման պայմանները:

Համաձայնագրի կատարումն ապահովելու համար Կողմերը յուրաքանչյուր երեք տարին մեկ կմշակեն մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության մասին գործնական ծրագրեր:

Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով՝ իսպաներեն եւ հայերեն: Երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

3 դեկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 185

print page Տպել էջը