ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 12 հոկտեմբերի 1999 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Բանվորների աշխատանքների եւ մասնագիտությունների միասնական սակագնաորակավորման տեղեկատուի եւ ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուի կիրառման գծով համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված՝ 22. 09. 1999 թ.:

Ծանոթանալով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունվարի 13-ին՝ Սարատովում: Համաձայնագրի նպատակն է նպաստել աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը եւ աշխատանքային գործունեության ոլորտում միասնական նորմատիվ բազայի ստեղծմանը: Համաձայնագիրը նախատեսում է միասնական սակագնաորակավորման տեղեկատուի եւ որակավորման տեղեկատուի կիրառման բնագավառում Կողմերի փոխադարձ համագործակցություն: Կողմերը պարտավորվել են համապատասխան ազգային մարմինների միջոցով մշակել բանվորների մասնագիտությունների եւ ծառայողների պաշտոնների Միջպետական դասակարգիչ, ֆինանսավորել դրա ստեղծումը, ապահովել այդ դասակարգչի կիրառումը՝ մասնագիտությունների եւ պաշտոնների անվանումների, մասնագիտական որակավորման եւ գիտելիքների մակարդակի նկատմամբ պահանջների միասնականացման համար:

Կողմերը պարտավորվել են նաեւ սահմանել համեմատելի պահանջներ՝ կադրերի պատրաստման եւ որակավորման շնորհման կրթական ստանդարտների նկատմամբ, ինչպես նաեւ ազգային համապատասխան մարմինների միջոցով անցկացնել մասնագիտությունների եւ պաշտոնների անվանումների շնորհման կարգի վերլուծություն եւ այլն: Համաձայնագրով սահմանվում է Միջպետական դասակարգչի հաստատման եւ դրա մեջ մտնող մասնագիտությունների եւ պաշտոնների անվանումների ներառման եւ հանման կարգը: Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ Միջպետական դասակարգիչը եւ տեղեկատուները կիրառում է իր պետության օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրով սահմանվում է նաեւ դրանում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ վիճահարույց հարցերի լուծման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բանվորների աշխատանքների եւ մասնագիտությունների միասնական սակագնաորակավորման տեղեկատուի եւ ծառայողների պաշտոնների որակավորման տեղեկատուի կիրառման գծով համագործակցության մասին 1999 թվականի հունվարի 13-ին Սարատովում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12 հոկտեմբերի 1999 թվականի
ՍԴՈ - 177

print page Տպել էջը