ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 15 մայիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի նպատակն է՝ առաջնորդվելով Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների վերաբերյալ 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված կոնվենցիայի դրույթներով, Կողմերի տարածքներում մշտապես բնակվող քաղաքացիներին փոխադարձ

տրամադրել առավելագույն հնարավորություններ՝ իրականացնելու իրենց քաղաքական, սոցիալական, տնտեսական, աշխատանքային, մշակութային եւ այլ իրավունքները, դրանով իսկ էլ ավելի զարգացնել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջպետական բարեկամական հարաբերությունները:

Պայմանագրում հստակեցված է Կողմերի տարածքներում համապատասխանաբար մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարգավիճակը հավաստող, ինչպես նաեւ Կողմերի տարածքներ մուտք գործելու փաստաթղթերի նմուշների հաստատման, այդ փաստաթղթերի տրման կարգն ու պայմանները: Կրթության մասին փաստաթղթերը, որոնք տրվել են մշտական բնակչին քաղաքացիության Կողմի ուսումնական հաստատությունում, ճանաչվում են բնակության Կողմի տարածքում՝ անկախ դրանց տրման ժամկետից, եւ հիմք են հանդիսանում Կողմերի տարածքներում գտնվող ուսումնական հաստատություններ ընդունվելու եւ այդ փաստաթղթերում նշված մասնագիտությամբ աշխատելու համար: Պայմանագրով հնարավորություն է ընձեռված մշտական բնակչին մասնակցելու բնակության Կողմի պետական սեփականություն հանդիսացող գույքի սեփականաշնորհման գործընթացին՝ բնակության Կողմի քաղաքացիների հետ հավասար իրավունքներով:

Պայմանագրով սահմանված են այն իրավունքները, որոնցից չեն կարող օգտվել Կողմերի տարածքներում մշտական բնակություն հաստատած քաղաքացիները:

Պայմանագրում նախատեսված են նաեւ դրույթներ՝ պայմանագրի կատարումն ապահովելու, մեկնաբանելու, առաջացած վեճերը լուծելու, պայմանագրի ուժի մեջ մտնելու եւ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով, որ պայմանագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

15 մայիսի 1998 թվականի
ՍԴՈ - 102

print page Տպել էջը