ՍԴ գրադարան
Սահմանադրական դատարանի գրադարանը կազմավորվել է 1996 թվականին։ Գրադարանը հարուստ է իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով, նախատեսված է ոչ միայն Սահմանադրական դատարանի անդամների ու աշխատակազմի աշխատողների, այլ նաեւ իրավագիտությամբ զբաղվող անձանց, ուսանողների համար։
Գրադարանում կան բառարաններ, ուսումնական ձեռնարկներ, օրենքների ժողովածուներ, պետական իշխանության բարձրագույն եւ տեղական մարմինների ընտրություններին, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, աշխարհի շատ պետությունների քրեական, քրեական դատավարության, դատական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարությանը վերաբերող գրքեր, Հայաստանի վարչական իրավունքին եւ պետական ապարատին նվիրված աշխատություններ, Հայաստանի եւ այլ պետությունների իրավունքի պատմության, արտասահմանյան երկրների պետության եւ իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքեր, հրամանագրեր, օրենքների ժողովածուներ։ Բացի իրավաբանական գրականությունից Սահմանադրական դատարանի գրադարանում կան նաեւ փիլիսոփայությանը, սոցիոլոգիային, քաղաքականությանը, տնտեսագիտությանը, մշակույթին առնչվող գրքեր, գեղարվեստական գրականություն։ Այստեղ կան աշխարհի 60-ից ավելի պետությունների սահմանադրություններ, սահմանադրական դատարանների մասին օրենքներ, արդարադատությանը եւ դատական համակարգին վերաբերող նյութեր։ Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրքերով, ԱՄՆ-ի Կոնգրեսի նյութերով, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՊՀ պետություններից ստացվող իրավաբանական եւ այլ բնույթի ամսագրերով ու թերթերով։
Սահմանադրական դատարանի գրադարանի ուշագրավ գրական ֆոնդն են կազմում Հայ եկեղեցու եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականությունը; 1918-1920 թվականների Խորհրդարանի արձանագրությունները։ Գրադարանում կան ոչ միայն հայերեն եւ ռուսերեն, այլեւ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն եւ այլ լեզուներով գրքեր, տեղեկագրեր։ Գրադարանում կազմված են այբբենական եւ սիստեմատիկ գրացուցակները, թեմատիկ քարտարանը, կատարվում է մատենագիտական աշխատանք։
Գրադարանի գրքերի ընդհանուր քանակը՝ 2172 (762 - հայերեն, 1410 - ռուսերեն)։
ՎԵրջին թարմացումը կատարվել է 22.06.2010թ.։
ՍԴ գրադարանի գրքերի ցանկ
Էջի սկիզբ
|