Femida The Constitutional Court of the Republic of Armenia Herb
[go home] [site map] [contact us] [add to favorites]
[russian version] ռուս [english version] անգ

 

Որոնման համակարգ Google
www concourt.am

 

ՀՀ սահմանադրական դատարան

arrowՊատմություն
arrow Ինչպես դիմել ՍԴ
arrow Օրհներգ

 

 

Պատմություն

Կարծիքներ ՀՀ սահմանադրական դատարանի մասին

Ներկայացնում ենք միջազգային  մեծ համարում ունեցող մի քանի սահմանադրագետների կարծիքներ` որպես ՀՀ ՍԴ-ի գործունեության առավել համոզիչ բնութագրում:
Լյուսիուս Վայլդհաբեր` Մարդու իրավունքների Եվրոպական  դատարանի  նախկին նախագահ. «Միջազգային խորհրդաժողովների փորձը, որ ունի Հայաստանի սահմանադրական դատարանը, շատ ուսանելի է` թեմաների ճիշտ ընտրություն, ներկայացուցչական մասնակցություն, փորձի տարածման միջոցների լայն օգտագործում: Այդ ամենը  հարուստ եւ օգտակար փորձ է մեզ համար: Շնորհիվ ՀՀ ՍԴ-ի, մենք խորապես ճանաչեցինք  հայ ժողովրդին, նրա մշակույթն ու պատմությունը»:
Ռենե վան դեր Լինդեն` Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի նախագահ. «Շնորհակալություն պարբերաբար մեզ տրվող  վերլուծական  հարուստ տեղեկատվության համար. դրանք  մեծ օգնություն են Վեհաժողովի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեին»:
Մարեկ Սաֆյան` Լեհաստանի սահմանադրական տրիբունալի  նախագահ, պրոֆեսոր. «Հայաստանի սահմանադրական դատարանն իր փորձով եւ վերլուծական հարուստ տեղեկատվությամբ սահմանադրական դատարանների համար դարձել է կարեւոր օգնական ու բարեկամ»:
Էգիդիյուս  Կուրիս` Լիտվայի ՍԴ նախագահ. «Մենք այսօր հպարտությամբ ենք նշում,  որ ի դեմս սահմանադրական դատարանի, Հայաստանը դարձել է  սահմանադրական արդարադատության  հարցերով միջազգային ճանաչված կենտրոններից մեկը»:
Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության նախկին նախագահ, պրոֆեսոր Ռոզենֆելդը, ծանոթանալով «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի նյութերին, ասել է. «Չեմ կարող  իմ թե հիացմունքը եւ թե  զարմանքը չարտահայտել, թե  ինչպես է մի փոքրիկ երկրում  միջազգային  հնչեղության նման կարեւոր  ծրագիր կյանքի կոչվում»:
Հանս  Գամելթոֆթ-Հանսեն` Դանիայի Թագավորության խորհրդարանական  օմբուդսմեն. «Ես լավ ծանոթ եմ ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեությանը, մանավանդ սահմանադրական իրավունքի կենտրոնի ջանքերին, որոնք նպաստում են երկրում  սահմանադրական արդարադատության ապահովման եւ Հայաստանը միջազգային ճանաչման հասցնելու գործին: ՀՀ ՍԴ-նախագահ  Գագիկ Հարությունյանի  եւ Սլովենիայի ՍԴ-ի խորհրդական, իրավական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Առնե Մավչիչի համահեղինակությամբ լույս տեսած  «Սահմանադրական վերահսկողությունը եւ նրա զարգացումը ժամանակակից աշխարհում» (Համեմատական սահմանադրական վերլուծություն)` նախադեպը չունեցող ստվարածավալ աշխատությունն արդեն ինքնին  հարուստ փորձի հաղորդման միջոց է եւ միջազգային ճանաչման օրինակ: Ինձ համար  գնահատելի է նման  վերաբերմունքը դեպի օրենքը»:
Ջիոանի Բուքիքիո` Եվրախորհրդի «Ժողովրդավարություն`  իրավունքի  միջոցով» Եվրոպական հանձնաժողովի քարտուղար. «Սահմանադրական դատարանի գործունեության շնորհիվ  Հայաստանը դարձել է սահմանադրական վերահսկողության փորձի եւ  դեմոկրատիայի դպրոց: Մենք առաջարկել ենք  Վենետիկի հանձնաժողովում ստեղծել ինտերնետ ֆորում, որի միջոցով բոլոր ՍԴ-ները  հնարավորություն կունենան միմյանց հետ բանակցելու, բանավիճելու, իրենց մոտ քննարկվելիք գործերի առնչությամբ առաջավոր փորձերի մասին տեղեկատվություններ  տարածելու եւ ստանալու: Այս հարցում  ՀՀ ՍԴ-ն անակնկալ  մատուցեց` պարզվեց, որ  այդ ծրագիրն արդեն իսկ իր կողմից պատրաստված է, որի միջոցով հնարավոր է անմիջական կապի մեջ մտնել, երբ համանման գործ քննելու  ընթացքում կարիք կլինի տեղեկանալ այլ ՍԴ-ների կայացրած որոշումներին: Այս փաստը Հայաստանի սահմանադրական դատարանի կողմից տարվող արդյունավետ եւ օրինակելի աշխատանքների վկայություն է»:
Մարատ Բագլայ` ՌԴ սահմանադրական դատարանի նախկին  նախագահ. «Ձեր երկրի սահմանադրական դատարանը շատ կարեւոր գործ է ձեռնարկել (նկատի ունեմ միջազգային գիտաժողովները), փաստորեն իր վրա է վերցրել Եվրամիության ճանապարհին ընկած եւս մեկ դժվարություն իր ձեռնարկումով հաղթահարելու: Ես կարեւորում եմ հատկապես ծավալված բանավեճերը, որոնք հնարավորություն են տալիս  քննարկել բոլորիս համար էլ մտահոգիչ խնդիրներ: Նորանկախ երկրներից յուրաքանչյուրն ունի այդ խնդիրները, եւ երբ այսպես համատեղ քննարկումներ են կատարվում եւ լուծման ուղիներ մատնանշվում, այսօրինակ ձեռնարկումներն   ավելի են կարեւորվում: ՀՀ ՍԴ-ի հետ մեր համագործակցությունը շատ ամուր է, որն իր հերթին դրական ազդեցություն է թողնում մեր երկու երկրների բարեկամական հարաբերության վրա»:
Գագիկ Հարությունյան` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ. «Սահմանադրական վերահսկողության հատուկ մասնագիտացված  այս ինստիտուտը Հայաստանի Հանրապետության անկախության ծնունդ է, ժողովրդավարության մեծագույն նվաճումներից մեկը: Սա այն հատուկ մարմինն է, որը կոչված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրորեն ամրագրված լիազորությունների ներդաշնակ իրականացմանը, նորմատիվ ակտերի սահմանադրականության ապահովմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը:  Այն  նորանկախ երկրի կայուն առաջընթացի երաշխավորողներից է, որը նպաստում է քաղաքացիական հասարակության ակտիվ ձեւավորմանը, իրավունքի գերակայության հաստատմանը:
Սահմանադրական դատարանի կայացումը պետք է միտված լինի դարերին` կայանա մեր տաճարների կառուցման տրամաբանությամբ»: 
Քրիստոս Ջակումոպուլուս`  Վենետիկի հանձնաժողովի  քարտուղարի տեղակալ. «ՀՀ ՍԴ-ի գիտաժողովները կազմակերպվում են  Եվրոպական ստանդարտներին համապատասխան, արդիական թեմայով, մասնագետների ընտրանիով, բաձր մակարդակ ապահովող զեկուցումներով: Իսկ Հայաստանին ծանոթանալու առումով պարզապես մեզ հիացրեց այս դժվարին պայմաններում անգամ հյուրերին արժանիորեն ընդունելու, երկրի զարգացման ընթացքը, նրա անփոխելի արժեքներին ծանոթացնելու համար... Մենք մշտապես պետք է սովորենք մեկս մյուսից, քանի որ գոյություն ունեն մեզ միավորող արժեքներ, որոնք պետք է պահպանենք»:
Նիկոլայ Սելիվոն` Ուկրաինայի  սահմանադրական դատարանի նախագահ. «Հայաստանում առանձնակի ուշադրություն է դարձվում սահմանադրական վերահսկողության գործին, ասես ամեն ինչ արվում է, որ  հայ իրավաբանները, դատավորներն ու փաստաբանները Եվրախորհուրդ տանող  ճանապարհը պատրաստված անցնեն»:
...Գնահատականներ, որ տրվել են նաեւ ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի, Եվրախորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Ալվարես Խիլ-Ռոբլեսի, Սահմանադրական իրավունքի  միջազգային ընկերակցության նախագահ  Շերիլ Սանդերսի եւ շատ այլոց կողմից, եւ խրախուսանք է, եւ  ՀՀ ՍԴ-ի հետ օգտակար համագործակցության ցանկություն, համագործակցություն,   որն իր  դրական ազդեցությունն է թողնում տարբեր երկրներում սահմանադրական արդարադատության խնդիրների լուծման ճանապարհին:

Համառոտ խրոնիկա

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձեւավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից անդամակցեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն`  իրավունքի  միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով):  Մեկ տարի անց, 1997թ. հոկտեմբերին, հիմնադրվեց «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ ՍԴ-ն: Իսկ 2000 թվականին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր,  ՍԴ-ն ընտրվեց «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերան» կազմակերպության լիիրավ անդամ: Իր նախադեպը չունեցող այդ փաստին  այն ժամանակ յուրահատուկ գնահատական տվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի  նախագահ պարոն Գենան` «Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն կայացած ինստիտուտ է, եւ նման բացառությամբ կոնֆերանսի լիիրավ անդամ նրա դառնալը ապացուցվել է եվրոպական այս խոշոր կառույցին իր գործուն մասնակցությամբ,  իր ակտիվությամբ եւ բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով»:
Սա ՍԴ-ի` միջազգային չափանիշներով կայացած ինստիտուտ լինելու վկայություն է, որն աչքի է ընկնում իր գործուն մասնակցությամբ,  իր ակտիվությամբ,   բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով` Եվրոպական կառույցներում հարաբերությունների լիարժեք եւ իրավահավասար սուբյեկտի դեր  կատարելով:  Դատարանը մի շատ նկատելի ավանդույթի սկիզբ է դրել` երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովների կազմակերպում: Յուրաքանչյուր խորհրդաժողով  նախորդից առանձնացել է  թեմայի հրատապությամբ, մասնակիցների լայն ընդգրկումով:  Եվ այդպես` միջազգային 15 խորհրդաժողով` իրավական աշխարհում մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցող   իրավագետների ու սահմանադրագետների, սահմանադրական դատարանների նախագահների գործուն մասնակցությամբ: Խորհրդա­ժողովներում ներկայացված զեկուցումները, թեմաների քննարկումներն ու վերլուծությունները տարածվում, մասսայականացվում են «Սահմանադրական արդարադատություն» ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակվող ամսագրի, «Սահմանադրական արդարադատությունը  նոր հազարամյակում»  միջազգային քառալեզու ամենամյա տարեգրքի, ՍԴ ինտերնետային կայքի  եւ էլեկտրոնային այլ միջոցներով: Ի դեպ, ՍԴ-ի ինտերնետային կայքը եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը լավագույններից  են  ճանաչվել միջազգային համանման կայքերի մեջ:
ՍԴ-ում մշակվել է եւ առանձին խտասկավառակ է պատրաստվել, ուր ներառում են աշխարհի 150 երկրների սահմանադրությունները եւ  դրանց համեմատական վերլուծությունը: Այդ ծրագիրը Սահմանադրական իրավունքի  միջազգային ասոցիացիայի կողմից ընդունվել է  որպես կարեւոր  նորույթ եւ տեղադրվել Ինտերնետի միջազգային  ասոցիացիայի թղթածրարում: Այն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով ծրագրային եզակի  փաթեթ է`  հիանալի ամփոփ նյութ սահմանադրագետ գիտնականների  եւ սահմանադրական դատարանների  համար:
Մշակվել է նաեւ   մարդու իրավունքների վերաբերյալ  միջազգային պաշտոնական փաստաթղթերի  համեմատական վերլուծության  համալիր  ծրագիր, որտեղ ներառված է ՄԱԿ-ի եւ  Եվրոպական միջազգային բոլոր կառույցների կողմից ընդունված 1500 փաստաթուղթ` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Ավարտվել են  նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նյութերի եւ եվրոպական դատարանի փորձի ուսումնասիրման  ու վերլության, որոշումների տարածման աշխատանքները: Այս եւ նման շատ այլ աշխատանքներով ծանրաբեռնվելը բնավ էլ չի նշանակում  լրացուցիչ բեռ վերցնել իր վրա. պարզապես  ՍԴ-ն  դարձել  է  սահմանադրական իրավունքի` միջազգային փորձը գործառող ու  նաեւ (այլեւս վստահաբար) իր փորձը տարածող հաստատություն:
Սահմանադրական իրավունքի կենտրոնը մասամբ իր վրա վերցրեց հանրակրթական դպրոցներում  իրավական թեմաներով դասավանդվող առարկաների  գծով դասագրքեր պատրաստելու գործը. ուսուցիչների համար պատրաստվեցին  մեթոդական հատուկ  ձեռնարկներ, զուգահեռաբար` ուսանողների համար հրատարակվեց Գ. Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական  վերահսկողություն» ձեռնարկը:  Նոր սերնդին  սահմանադրական արդարադատության  սկզբունքներին  ծանոթացնելու  միջոցներից  են ՍԻԿ-ի կողմից կազմակերպվող «Սահմանադրություն եւ իրավունք» աշակերտական եւ ուսանողական ամենամյա ավանդական օլիմպիադաներն ու  ուսանողական կոնֆերանսները: Հրատարակվել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ուսանողական լավագույն աշխատանքների 3 ժողովածու, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնում ստեղծվել է երիտասարդ հետազոտողների խորհուրդ, ստեղծվել է ՍԴ հարուստ ու ժամանակակից գրականությամբ հագեցած գրադարան: Սերտ համագործակցություն է հաստատվել բազմաթիվ դպրոցների հետ, կազմակերպվում են թեմատիկ հանդիպումներ:
ՍԴ անդամների ու աշխատակիցների կողմից հրատարակվել են 55 մենագրություն, 191 գիտական հոդված, միջազգային գիտաժողովներում կարդացվել է 48 զեկուցում, Հայաստանում հրավիրվել է միջազգային 20 խորհրդաժողով, որոնց ընդհանուր թվով մասնակցել են տարբեր երկրների սահմանադրական դատարանների 155 անդամ, 52 միջազգային փորձագետ:
Հրատարակվել են «Սահմանադրական դատարանի տեղեկագրի» 81 համար, "Конституционное правосудие" միջազգային հանդեսի 71 համար եւ 8 հավելված, որոնք առաքվում են 50-ից ավելի երկիր, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» քառալեզու տարեգրքի 14 համար, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսեւորում 100-ից ավելի երկրների` այս ոլորտի բազմաթիվ մասնագետներ ու սահմանադրական արդարադատության մարմիններ:

ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն

[to the top]Էջի սկիզբ

[ՀՀ ՍԴ] [ՀՀ Սահմանադրություն] [ՀՀ օրենքը ՍԴ-ի մասին] [ՍԴ կանոնակարգ] [ՍԴ որոշումներ] [ՍԴ նիստերի ժամանակացույց] [ՍԴ կառուցվածքը] [Միջազգային կապեր] [Միջոցառումներ] [Գրադարան] [Իրավական ռեսուրսներ] [Միջազգային ալմանախ] [ՍԴ տեղեկագիր] [Սահմանադրական արդարադատություն] [Տարեկան հաղորդումներ] [Ազգային զեկույցներ] [ՍԴ նախագահի ելույթներ] [Նորություններ] [Վիրտուալ պատկերասրահ]